ԱԱ-2018-ի ընտրական փուլի նախավերջին խաղում Հայաստանի Ազգային հավաքականը սեփական հարկի տակ խայտառակ պարտություն կրեց Լեհաստանի ընտրանուց: Մրցակցի 6 գոլերին մերոնք պատասխանեցին 1-ով:
Խաղից հետո լրագրողներին հանդիպեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:
- Չեմ ընդունում, որ կազմը սխալ էի ընտրել:
- Այսօրվա խաղը հաստատ թիմին օգուտ չի կարող տալ, քանի որ սա իրոք խայտառակություն էր: Ավելի լավ կլիներ՝ տակտիկական սխալներ թույլ տային, դրանց պատճառով գոլեր բաց թողնեինք, ասեին՝ մարզիչը սխալ էր, քան այսպիսի պարզ սխալներ անեին ու լեհերին թույլ տային այդքան գոլեր խփել մեզ: Այս խաղը, անկախ նրանից՝ կարևոր էր, թե ոչ, մեզ օգուտ չէր կարող տալ:
- 6-1 հաշվով պարտվելուց հետո դժվար է պատասխանել, թե ելքը որն է: Եթե սկսեմ պատմել, դա կլինի բարի ցանկություն: Ելքն այն է, որ մեր ֆուտբոլիստներն ավելի լավ առաջնություններում խաղան: Հույսը վերջում է մահանում: Մնանք հույսով:
- Մինչև հիմա ֆուտբոլիստների խաղն անհատապես չեմ մեկնաբանել, երևի այսօր էլ զերծ մնամ դրանից: Ես էլ եմ ֆուտբոլիստ եղել: 2-րդ րոպեին արդեն 0-1 էր հաշիվը: 4-րդ գոլը, կարելի է ասել, վերջնականապես կոտրեց մեր ողնաշարը: Դրանից հետո վերականգնվելը դժվար է: Եթե նայենք Դանիայի հետ խաղը, Մոնտենեգրոյի հետ արտագնա խաղը: Պետք է փորձենք այդ տարրական սխալները չանել: Ամենակարևորը՝ բոլոր ֆուտբոլիստները պետք է սկսեն իրենք իրենց վրա աշխատել: Մարզիչն այստեղ կնստի, կպատասխանի հարցերին, պատասխանատվությունն իր վրա կվերցնի, բայց ժամանակն է, որ իրենք էլ պատասխանատվություն վերցնեն իրենց վրա: Սա իմ գործն է, բայց ես, ավելի լավ է, գետինը մտնեի, քան այստեղ նստեի, այս հարցերին պատասխանեի:
- Որպես մարզիչ՝ սա իմ ամենացավալի պարտությունն էր: Այլ միջոց չունենք, պետք է հասցնենք պատրաստվել, գոնե լավ խաղով այս փուլը վերջացնենք: Պարտավոր ենք վերականգնվել, որ Ղազախստանում խայտառակ չլինենք: Ես շատ ընկճված եմ, բայց վաղը նոր օր է: Ամեն ինչ պետք է անենք, որ Ղազախստան մեկնենք միավորներ վաստակելու համար: Հաղթանակից խոսելն անիմաստ է, միավորներ վաստակելու համար:
- Պաշտպանության գծի համար տարբերակներ շատ կային, բայց գիտեք, մենք կենտրոնական պաշտպանի խնդիր ունենք: Մենք այն հավաքականը չենք, որ մի դիրքի համար մի քանի ֆուտբոլիստ ունենանք: Իմ կարծիքով սա ամենաօպտիմալ կազմն էր, որ այս պահին կարող էինք ունենալ: Մենք մինչև երեկ բոլորովին այլ կազմ ու այլ պլաններ ունեինք, բայց երկու ֆուտբոլիստի՝ Մարկոսի ու Դաղբաշյանի հիվանդության հետ կապված, ստիպված էինք նոր բան մտածել:
- Եթե դարպասապահի թեկնածուի առաջարկ ունեք՝ խնդրեմ: Ունենք թիմ ու այս դարպասապահները: Եթե դուք այլ թեկնածու ունեք…
- Իմ կարծիքով, այս կազմի հետ չենք կարող հույս կապել հաջորդ մրցափուլի համար: Մեզ թարմ ավյուն է պետք: Նայում եմ մեր Մ- 21 հավաքականին՝ հիմնականում առաջին խմբում խաղացող տղաներ են: Միակ ելքը դրսում ֆուտբոլիստներ գտնելն է՝ Բայրամյանի և այլոց պես, ու որ այդ արգելքը վերացվի, կարողանան գալ հավաքական: Այս կազմով նույնիսկ Ազգերի լիգայում ոչինչ չենք կարող անել: Ունենք խաղացողներ, որոնք լավն են, բայց աճ չի նկատվում: Մենք պետք է միջոց գտնենք, որ ֆուտբոլիստները սկսեն իրենք իրենց վրա աշխատել, ավելի բարձր մակարդակի ձգտեն: Դա է կարևորը: