«Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն ու հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկին պատրաստ են մասնակցել Ա սերիայի 15-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ խաղին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է թիմի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին: Իսկ Գոնսալո Իգուաինի մասնակցությունը հարցականի տակ է:
«Կուադրադոն ու Բերնարդեսկին պետք է պատրաստ լինեն: Իգուաինի մասնակցությունը հարցականի տակ է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ վիճակում կլինի նրա ձեռքը:
Վաղը մեզ լավ ստուգարք է սպասվում, որովհետև առջևում ՉԼ խմբային փուլի «Օլիմպիակոսի» դեմ խաղն է: Մենք պարտավոր ենք դուրս գալ փլեյ-օֆֆ: Վաղվա խաղը կարևոր է, բայց որոշիչ չէ:
Բոլորը «Նապոլիի» հարձակման մասին են խոսում, բայց նրանք նույնքան լավ պաշտպանվում են: Վերջին երեք տարին նրանք ավելացրել են ու նրանց խաղերը նայելիս նույնիսկ ես հաճույք եմ ստանում»,- Ալլեգրիի խոսքերն է փոխանցում «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը: