«Արսենալը» չի դադարում ներկայացնել թիմի ձմեռային ձեռքբերումներից Հենրիխ Մխիթարյանին:
«Զինագործների» մամուլի ծառայության պատրաստած հերթական տեսանյութում Մխիթարյանը հաստատում կամ հերքում է իր մասին վիքի-տեղեկությունները:
- Ճի՞շտ է, որ դուք շատ ֆուտբոլային ընտանիքից եք:
- Այո, ճիշտ է: Մայրս աշխատում է Ֆուտբոլի ֆեդերացիայում: Քույրս աշխատում է ՈՒԵՖԱ-ում:
- Ճի՞շտ է, որ 14 տարեկանում դուք ուղևորվել եք Սան Պաուլո:
- Ճիշտ է, որ ես եղել եմ Բրազիլիայում: Ես մարզվել եմ «Սան Պաուլոյի» մարզաբազայում, երբ 13 տարեկան էի: Ես մարզվել եմ Էռնանեսի ու Անդերսոնի հետ, որը խաղացել է «Ինտերում», «Յուվենտուսում», «Լացիոյում», հիմա, կարծեմ, Չինաստանում է:
- Ճի՞շտ է, որ դուք արագավազորդ կլինեիք, բացի ֆուտբոլից:
- Ոչ, դա ճիշտ չէ:
- Դուք Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ եք ճանաչվել 2009-ին և 2011-ից 2017 թվականներին: Ի՞նչ էր պատահել 2010-ին:
- Նրանք պարզապես փոխել էին կանոնակարգը և պարգևատրում էին միայն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին:
- Ճի՞շտ է, որ ձեր մանկության երազանքն իրավաբան դառնալն էր:
- Այո, դա իմ երազանքներից մեկն էր: Բայց այնքան էլ ուշ չէ: Ֆուտբոլային կարիերայից հետո, միգուցե, աշխատեմ որպես իրավաբան: