TotalFootball.am


13.10.19 12:54

Անկանխատեսելի հավաքականը, որը կհաղթի Ֆինլանդիային


ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլը Հայաստանի հավաքականի համար ոչնչով չի տարբերվում Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների նախորդ ընտրական փուլերից:

Մենք կրկին այն սկսում ենք մեծ հույսերով՝ վստահ, որ այս անգամ հաջողվելու է դուրս գալ խմբային փուլ: Չէ՞ որ ֆուտբոլային երկիր ենք, ունենք Իտալիայում, Ռուաստանում, Գերմանիայում խաղացող ֆուտբոլիստներ: Ընտրական փուլի ընթացքում էլ սկսում ենք կասկածել հավաքականի հնարավորությունների վրա, կրում ենք անակնկալ պարտություններ, հիասթափվում, ապա տանում փառահեղ հաղթանակներ: Այդ ամենից հետո հարմար իրավիճակ ենք ստեղծում խմբային փուլ դուրս գալու համար, ապա դժվարություններ, որոնք չենք կարողանում հաղթահարել:

Եթե 2010-ին հաղթեինք Մակեդոնիային, եթե Ազգերի լիգայում չպարտվեինք Ջիբրալթարին, եթե 2013-ին Երևանում չզիջեինք Դանիային…ու այսպես շարունակ:

Եվրոպայի առաջնության այս ընտրական փուլն էլ սկսեցինք հենց այնպես ինչպես նկարագրեցի ու միանգամից հիասթափվեցինք. «Ո՛չ, Գյուլբուդաղյանցը պետք է հեռանա, նման խաղը մեզ պետք չէ, մենք թույլ ենք...»

Այնուհետև եղան հաղթանակներ, ու մենք կրկին սկսեցինք հավատալ տղաներին և երազանքի կատարմանը... Դրան հաջորդեց հոկտեմբերի 12-ի Լիխտենշտեյնի տխուր երեկոն:

Երբ դժվարանում ես ինչ-որ բացատրություններ գտնել…

Հայաստանի հավաքականը ուժե՞ղ, թե՞ թույլ թիմ է. պատասխանը մեկն է՝ մենք անկանխատեսելի հավաքական ենք: Մենք կարող ենք պարտվել Ջիբրալթարին, բայց դրսում հաղթել հույներին, կարող ենք ոչ-ոքի խաղալ Իտալիայի հետ, բայց չհաղթել Լիխտենշտեյնին:

Այս տղաներն ունակ են մեզ խելագարության հասցնել «Հանրապետական» մարզադաշտում իրենց անհավանական խաղով, բայց մի քանի օր անց լրիվ կերպարանափոխված դուրս գալ դաշտ ու փոշիացնել իրենց մասին բոլոր պատկերացումները:

Այո՛, անհաջող խաղեր յուրաքանչյուր թիմ ունենում է, դա նորմալ է, սակայն մեր դեպքում խնդիրն այլ է: Մենք հաղթում ենք ֆավորիտներին, լավ դիրքում ենք լինում մրցաշարային աղյուսակում, այնուհետև անհասկանալի ենք խաղում հետնապահների հետ ու արդեն մեր՝ խմբային փուլ դուրս գալը կախված է լինում մրցակիցների արդյունքներից:

Բացատրությունը կա՞, դժվարանում եմ ասել…

Օրինաչափությո՞ւն: Ո՛չ, այդ բառը մեր հավաքականի համար չէ: Ամեն անգամ մեր ընտրանուն ինչ-որ բան պակասում է կարևոր պահերից առաջ. մի անգամ գլխավոր մարզիչն է թույլ, մյուս անգամ առաջատարն է բացակայում, մեկ ուրիշ անգամ էլ մրցավարն է դեմ, որ իրականացնենք մեր երազանքը:

Հոկտեմբերի 12-ին, ըստ օրինաչափության, մենք պետք է հաղթեինք Լիխտենշտեյնին, բայց տղաները որոշեցին գնալ  բարդ ճանապարհով ու փորձել իրագործել հայերի երազանքը դժվար մաթեմատիկական հաշվարկների շնորհիվ:

Լուծումներ… չխոսենք դրանց մասին

Եկեք չվերլուծենք Լիխտենշտեյնի հետ խաղը, դա անօգուտ է: Տղաները հոկտեմբերի 15-ին դուրս են գալու դաշտ ու հաղթեն Ֆինլանդիային: Չէ՞ որ մենք Հայաստանի Բարձրագույն խմբի պես անկանխատեսելի ենք:

Վերլուծել Լիխտենշտեյնի հետ խաղը, փորձել հասկանալ, թե ինչ եղավ, կարծում եմ՝ անիմաստ է: Մենք պարզապես պետք է վերականգնվենք ու դուրս գանք ֆիններին «կուլ տալու»: Այդպես ագզային հավաքականը շատ է արել: Անսպասելի աղետից հետո մենք շատ արագ ենք վերականգնվել ու դիմակայությունում ֆավորիտի կարգավիճակ ունեցող մրցակցին հաղթել իր իսկ հարկի տակ: Այդպես եղավ 2013-ին Դանիայում, նույն տարում Չեխիայում, Ջիբրալթարին տանուլ տալուց հետո մենք Մակեդոնիային հաղթեցինք այնպես, կարծես ոչինչ չէր եղել: Այնպես որ՝ հանգիստ եղեք ու Լիխտենշտեյնի հետ արդյունքից եկեք եզրակացություններ չանենք, թե ֆինների հետ ինչպես կխաղանք:

 

Իրականում դժվար է ասել նաև, թե ինչ կլինի եթե հաղթենք Ֆինլանդիային: Նույն հաջողությամբ մենք կարող ենք և՛ պարտվել, և՛ հաղթել Հունաստանին Երևանում:

Եկեք չխոսենք Գյուլբուդաղյանցին հեռացնելու, Բայրամյանին հավաքական հրավիրելու կամ մեկ այլ ֆուտբոլիստի հավաքականից հեռացնելու մասին: Այս ընտրական փուլը մենք այսպես էլ անցկացնելու ենք, ինչ էլ որ պատահի առաջիկա խաղում: Դրանից հետո նոր միայն կարող ենք մտածել ինչ-որ փոփոխությունների, նոր մարզիչ հրավիրելու, երիտասարդներին ավելի շատ հնարավորություն տալու մասին:

Եթե փորձագետի աչքով դիտենք Լիխտենշտեյն-Հայաստան խաղը, ապա բոլորի համար էլ պարզ կլինի, որ Գյուլբուդաղյանցի թիմը ոչինչ չի կարող անել Ֆինլանդիայի հետ: Սակայն դա օրինաչափ է, իսկ մեր անկանխատեսելի հավաքականն օրինաչափություններ չի սիրում...

 

Սուրեն Սուքիասյան





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0