Նոյեմբերի 11-ին հայկական սպորտային լրատվամիջոցները միայն մեկ գլխավոր թեմա ունեին՝ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Մարկոս Պիզելին ավարտում է կարիերան ազգային հավաքականում...
Դժվար էր պատկերացնել, որ կգա այն օրը, երբ Մարկոսն այլևս չի կրի ազգային ընտրանու խաղաշապիկը: Մի տեսակ դժվար է նաև արտահայտել այն ամենն, ինչ զգում ես այդ նախադասությունը կարդալիս կամ գրելիս: Հակասական զգացողություններ ես ունենում ու հասկանում, որ հավաքականի կազմում մի ամբողջ պատմություն է ավարտվում:
Մարկոսն օրինակ է բոլորիս համար, ոչ միայն որպես լավ ֆուտբոլիստի, այլ նաև լավ մարդու տեսակի ու ամենակարևորը՝ լավ հայի: Նա ապացուցեց, որ օրինակելի հայ կարող է լինել անգամ արմատներով բրազիլացին:
Մարկոսը գոլեր էր խփում, համբուրում Հայաստանի զինանշանը ու մեր հաղթանակներից երջանկանում ամենաշատը: Պարտություններից հետո առաջինը մոտենում լրագրողներին ու հաջորդ խաղին ամեն ինչ անում՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու համար:
Վստահ կարելի է ասել, որ նա շատ խաղերում հայ ֆուտբոլիստներից ավելի շատ կյանք է դրել մեր ազգային հավաքականի հաղթանակի համար: Նրան սիրում են բոլորն ախնտիր ու չկա գեթ մեկը, որը նույնիսկ պարտված խաղերի մեջ կմեղադրեր Մարկոսին:
Ամենահայ բրազիլացին առաջին գոլը հավաքականի կազմում խփել է 2008 թվականին՝ Մոլդովայի դարպասը: Այս տարիների ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 66 հանդիպում և խփել 11 գնդակ:
Իհարկե, ամենահիշարժան գոլերից է Անդորրային խփած գնդակը, որից հետո կիսապաշտպանը համբուրեց Հայաստանի զինանշանն ու մի պահ քարացրեց մեզ բոլորիս:
Միայն շնորհակալությունը քիչ է, որ պետք է հայտնենք Մարկոսին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ Մարկոսի հրաժեշտի խաղի մասին հստակություն դեռևս չկա: Ըստ իս՝ այն ոչ թե պետք է, այլ պարտավոր է լինի: Ամեն օր հավաքականում նման տղաներ չեն ծնվում, որոնք ստիպում են բոլորին խոսել Հայաստանի ու հայկական ֆուտբոլի մասին:
Մարկոսը մեր հավաքականի լեգենդար ֆուտբոլիստներից է ու նրան պատվով ճանապարհելու հարցը երկու կարծիք ունենալ չի կարող:
Սպասենք ֆեդերացիայի գործողություններին, չէ՞ որ Մարկոսը ազգային թիմի հերթական խաղացողներից չէ, նա կերպար է, օրինակ բոլոր ապագա ֆուտբոլիստների համար, հայ, որի անսահման հայ լինելը նախանձություն կարող է առաջացնել...
Սուրեն Սուքիասյան