Արդեն 7-րդ անգամ անցկացվող «Սուպեր Լիգա» ֆուտզալի սիրողական մրցաշարին այս տարի իր մասնակցությունը կունենա նաև «Vivaro» բուքմեյքերական ընկերության թիմը: TotalFootball.am-ի թղթակիցներն այս անգամ հյուրընկալվեցին նորաստեղծ թիմի կողմից և զրուցեցին թիմի անդամ Երվանդ Մկրտչյանի հետ.
- Երվանդ, Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել «Սուպեր Լիգա»-ին և նման միջոցառումների մասնակցելու փորձ ունեի՞ք:
- «Սուպեր Լիգա»-ին որոշեցինք մասնակցել հրավերով. TotalFootball-ից հրավեր ստացանք, շատ ոգևորվեցինք, տնօրինությունը աջակցեց, որպեսզի մենք մասնակցենք: Մեր տնօրինությունը մեզ շատ է աջակցում, ինչի համար շատ շնորհակալ ենք: Մեզնից մեծ ակնկալիքներ ունեն, և հույս ունենք, որ կարդարացնենք նրանց սպասումները: Մինչև այս մասնակցության փորձ ունեցել ենք. եթե չեմ սխալվում Vivaro-ն 2006 կամ 2007 թվականի առաջնությանը մասնակցել է, որը շատ հաջող է եղել՝ 3-րդ տեղն է գրավել, ամենաուժեղ թիմերից մեկն էր ու հիմա որոշել ենք վերականգնել այդ ավանդույթը և հաջող հանդես գալ:
- Նման միջոցառումները նպաստու՞մ են աշխատակազմի թիմային ոգին բարձր պահելուն:
- Բնականաբար նպաստում են կոլեկտիվի անդամների միմյանց հետ շփմանը նաև աշխատանքից դուրս, և դա ավելի լավ է ստացվում սպորտի միջոցով: Բացի այս միջոցառմանը մասնակցելուց մենք կոլեկտիվով շատ ակտիվ կերպով սպորտային միջոցառումներ ենք կազմակերպում, խաղում ենք:
-Կպատմե՞ք ձեր թիմի մասնակիցների և երկրպագուների բանակի մասին:
-Թիմի մասնակիցները տարբեր բաժիններից են, ընտրվել են լավագույնները Vivaro Betting-ից և Vivaro Poker-ից: Մենք շաբաթը մեկ անգամ ստաբիլ խաղում ենք իրար հետ, և ըստ դրա որոշվել են լավագույն խաղացողները, լավագույն թիմը,: Ինչպես պարզվեց ունենք երկրպագուների մեծ բանակ, քանի որ երբ բոլոր աշխատակիցներն իմացան, որ մասնակցելու ենք տվյալ մրցաշարին, բոլորը ոգևորված ասացին, որ անպայման գալու են՝ մեզ աջակցեն և ուրախանան մեր հաղթանակներով:
-Ի՞նչ հաճախականությամբ եք անցկացնում մարզումները:
- Բացի այն, որ շաբաթը մեկ անգամ մենք խաղում ենք միմյանց հետ, հիմա, մրցաշարին մասնակցելու համար, ավելի ինտենսիվ ենք մարզվում, որպեսզի ավելի լուրջ, ավելի կազմակերպված հանդես գանք ու միայն հաղթանակի ակնկալիքով:
- Իսկ ծանո՞թ եք մասնակից մյուս թիմերին:
- Մյուս թիմերին միայն լսելով ենք ծանոթ: Երբ որոշեցինք, որ պետք է մասնակցենք մրցաշարին, սկսեցինք հետաքրքրվել, ու պարզվեց, որ շատ ուժեղ թիմեր կան, բայց դա մեզ ընդհանրապես չի ընկճում՝ մենք անպայման գնալու ենք առաջ հաղթանակի համար:
- Որո՞նք են Ձեր սիրած թիմն ու ֆուտբոլիստը:
- Իմ սիրած թիմը «Բարսելոնա»-ն է, իսկ ֆուտբոլիստը՝ Ռոնալդինյոն, ով իմ կարծիքով, աշխարհում լավագույնն է:
- Հետևու՞մ եք հայկական ֆուտբոլին և Հայաստանի առաջնությանը:
- Բնականաբար, հետևում եմ Հայաստանի առաջնությանը, մեր հայկական ֆուտբոլին, որը ցավոք, այսօր այն մակարդակին չէ, ինչ որ Հայաստանից դուրս, բայց աստիճանաբար լավանում է, ինչն էլ մեզ ոգևորում է: Անպայման հետևում եմ նաև Ազգային հավաքականի ելույթներին, աջակցում ենք, հնարավորության սահմաններում բոլոր խաղերին ներկա ենք լինում մարզադաշտում:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք դեկտեմբերին մեկնարկող «Սուպեր Լիգա»-ի մրցաշարից:
- Մենք ակնկալում ենք մեր շփումն ավելի ընդլայնել մյուս թիմերի խաղացողների հետ, որին նմանատիպ սպորտային միջոցառումները շատ են օգնում: Ու անպայման գնում ենք միայն հաղթանակի ակնկալիքով: Առա՛ջ, դեպի հաղթանակ: