TotalFootball.am


09.07.20 23:18

Հայկական ակումբների կարծիքները լեգեոներների լիմիտի մասին


Օրերս ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել էր ֆուտբոլային ակումբների նախագահներին՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաջորդ մրցաշրջանի ձևաչափի 2 և լեգեոներների լիմիտի 3 տարբերակ առաջարկելով:

ՀՖՖ-ն հույս էր հայտնել, որ ակումբները մինչև հուլիսի 6-ը կներկայացնեն ինչպես իրենց տեսակետներն առաջարկվող տարբերակների վերաբերյալ, այնպես էլ իրենց սեփական առաջարկ/տարբերակները: 

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բարձրագույն խմբում գործում է լեգեոներների լիմիտի հետևյալ համակարգը: Յուրաքանչյուր խաղի համար նախատեսված 23 հոգանոց հայտացուցակում պետք է նվազագույնը 7 հայ ֆուտբոլիստ լինի: 

Մինչ այս տարբերակի կիրառումը, 2019 թվականի սկզբին TotalFootball-ը հրապարակել էր տվյալ պահին ԲԽ-ի թիմերի գլխավոր մարզիչների կարծիքները լեգեոներների լիմիտի վերաբերյալ, որի ամփոփման կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Այժմ TotalFootball-ը դիմել է  ԲԽ-ի ակումբներին վերջիններիս՝ ՀՖՖ-ին ուղարկված կարծիքները հրապարակելու համար:

«Փյունիկից» մեր հարցմանն արձագանքեցին նշելով, որ իրենց տեսակետը ներկայացրել են ՀՖՖ-ին, սակայն այս պահին զերծ կմնան այն հրապարակելուց: 

«Արարատ» - «2020 թվականին սկսող առաջնությունն առաջարկում ենք անցկացնել երկու շրջանով՝ սկսելով օգոստոսին և ավարտելով դեկտեմբերին, ապա անցում կատարել գարուն-աշուն ձևաչափին՝մարտից սկսելով նոր առաջնություն: Այս մրցակարգը հնարավորություն կտա Հայաստանի առաջնություններն անցկացնել նաև ամռանը, ինչը մեծ օգուտ կտա հայկական ակումբներին՝ թե ֆինանսական, թե եվրագավաթային հանդիպումներ անցկացնելու առումով: 

«Արարատը» կողմ է լեգեոներների լիմիտին: Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ ֆուտբոլիստները էլ ավելի շատ խաղաժամանակ ստանան Բարձրագույն խմբում: Այս պատճառով առաջարկում ենք, որպեսզի հաջորդ մրցաշրջանից հանդիպման հայտացուցակում լինի առնվազն տասը հայ ֆուտբոլիստ՝ անկախ հայտացուցակում ֆուտբոլիստների քանակից, իսկ խաղադաշտում միաժամանակ պետք է լինի առնվազն չորս հայ ֆուտբոլիստ ամբողջ խաղի ընթացքում: 

«Ալաշկերտի» պատասխանը հետևյալն էր. «Մենք ՀՖՖ-ին ներկայացրել ենք մեր տեսակետը: Անհրաժեշտության դեպքում կհրապարակենք այն»: 

«Արարատ-Արմենիա» - «Հաջորդ մրցաշրջանի ձևաչափի հարցում «Արարատ-Արմենիա» ՖԱ-ն կողմ է հանդես գալիս առաջարկվող 2-րդ տարբերակին՝ այսինքն 10 թիմերի միջև առաջնությունը 3 շրջանով անցկացնելուն:  

Լեգեոներների սահմանափակման վերաբերյալ մենք առաջարկում ենք հետևյալ տարբերակը, կից հիմնավորումներով։  

  • Խաղի հայտացուցակում նվազագույնը 7 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված։ 
  • Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված մինչև 23 տարեկան 1 ֆուտբոլիստ։ Այս դրույթը չպահպանելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն։ Ընդ որում, Հայաստանի բոլոր հավաքականների անդամները կարգավիճակով պետք է հավասարեցվեն Հայաստանում մարզվածներին։  

Ի՞նչ կտա մեր առաջարկած սահմանափակումը։ Յուրաքանչյուր ակումբ ամբողջ մրցաշրջանում մեկ երիտասարդ ֆուտբոլիստ խաղադաշտում ապահովելու համար պետք է առնվազն ունենա 3-4 Մ-23 ֆուտբոլիստ (հաշվի առնելով փոխարինումները, վնասվածքները, որակազրկումները), ինչը ինքնաբերաբար կբերի երիտասարդական և ազգային հավաքականի համար 30-40 ֆուտբոլիստի խաղային պրակտիկայի։ Կարծում ենք, որ շեշտադրումը անհրաժեշտ է անել հենց երիտասարդ ֆուտբոլիստների վրա, որովհետև, լինելով անկեղծ, ամենայն հարգանքով, եթե 30 տարեկան հայ ֆուտբոլիստը չի կարողանում տեղ գտնել հայկական որևէ ակումբի կազմում, ապա քիչ հավանական է, որ ունենա բավարար որակներ ազգային հավաքական հրավիրվելու համար։  

 Հաշվի առնելով այս տարվա առանձնահատկությունները (համավարակ, փակ սահմաններ, թռիչքների սակավություն, վիզաների և անձնագրային խնդիրներ), ինչպես նաև հաջորդ առաջնության մեկնարկի մոտ լինելը, օտարերկրացիների քանակի պակասեցումը կարող է խնդիրներ առաջացնել այն ակումբների մոտ, որոնք ունեն մեծ քանակությամբ արտասահմանցի ֆուտբոլիստներ։ Մասնավորապես, մեր ակումբի դեպքում, առաջարկվող 3 տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում, մենք ստիպված կլինենք խզել պայմանագրերը 2-3 օտարերկրացու հետ, ինչը, առաջին հերթին կթուլացնի թիմը եվրոպական մրցելույթներից առաջ, իսկ եթե պայմանագրերը խզվեն առանց հիմնավոր պատճառի (իսկ լիմիտը դրանց թվին չի դասվում), ակումբը կկրի ֆինանսական և ռեպուտացիոն վնասներ։ Միևնույն ժամանակ, եթե մենք ուզում ենք ակումբներին հնարավորություն տալ սահուն անցում անելու և երկարաժամկետ պլանավորում իրականացնելու, ապա պետք է արդեն այսօր սկսել աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հասկանանք, թե ինչ է սպասվում այս հարցով 2022/23 մրցաշրջանում։  

Պետք է սահմանել այնպիսի լիմիտ, որի ժամանակ հայ ֆուտբոլիստը շարունակի ամենօրյա աշխատանքը, որպեսզի հայտնվի հիմնական կազմում յուրաքանչյուր խաղի համար։ Անձնագիրը չպիտի լինի որոշիչ գործոն ֆուտբոլիստի խաղալ/չխաղալու համար։ Առանց տարիքային սահմանափակման լիմիտը անխուսափելիորեն կբերի հայ ֆուտբոլիստների աշխատավարձերի բարձրացմանը, ինչը ա) լրացուցիչ բեռ է ակումբների բյուջեների վրա, բ) կարող է էապես ազդել ֆուտբոլիստի մոտիվացիայի վրա (համարեն, որ ամեն ինչ լավ է, և աճելու տեղ չկա), գ)հայ ֆուտբոլիստը ունենալով լավ ֆինանսական պայմաններ Հայաստանում, ավելի քիչ ձգտում կունենա տեղափոխվելու ավելի բարձրակարգ առաջնություն, ինչը, երկարաժամկետ տեսանկյունով, կվնասի հավաքականին»։ 

«Լոռի» - «Լոռիից» մեր հարցմանը պատասխանեցին, որ ՀՖՖ-ին առաջարկել են ԲԽ-ի մասնակից թիմերի նախագահների հետ հանդիպում անցկացնել և քննարկել այս հարցերը:

«Գանձասար - Կապան» - ««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը կողմ է 2020-2021 թթ. մրցաշրջանի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը 3 շրջանով (27 խաղ) անցկացնելու ձևաչափին: Իսկ ինչ վերաբերվում է խաղի հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստներին, ապա կողմ է 1-ին տարբերակին, այսինքն՝ խաղի հայտացուցակում ընդգրկվեն Հայաստանում մարզված 9 ֆուտբոլիստ, որոնցից երկուսը միաժամանակ պետք է լինեն խաղադաշտում»: 

«Շիրակ» - «Այս պահին քննարկումներ են ընթանում այդ թեմաների վերաբերյալ: Դեռ վերջնական պատասխան չունենք և երբ հայտնի դառնա մեր վերջնական դիրքորոշումը, անպայման կհրապարակենք մեր պաշտոնական էջերում»: 

«Ուրարտու» - ««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացել է շրջաբերական նամակ, որն առնչվում է նոր  մրցաշրջանին վերաբերող հարցերին։ Ակումբն արդեն պատասխանել է նամակով ու հայտնել իր դիրքորոշումը, ինչպես առաջնության անցկացման ձևաչափի, այնպես էլ լեգեոներ ֆուտբոլիստների սահմանափակման վերաբերյալ։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը որևէ սահմանափակման կողմնակից չէ, բայց ողջունում է հնարավոր փոփոխությունները, որոնք կնպաստեն, որ երիտասարդ հայ ֆուտբոլիստներն ավելի շատ խաղաժամանակ ստանան։ Ակումբն ավելի շատ հակված է առաջարկված տարբերակներից առաջինին, «Ուրարտուն» նաև իր տարբերակն է առաջարկել ՀՖՖ-ին, որը ներկայացնում ենք ստորև

  •  Խաղին հայտավորվում է 8 հայ ֆուտբոլիստ
  •  Նրանցից 3-ը չպետք է 23 տարեկանից մեծ լինեն (այս մրցաշրջանում՝ մինչև 1997թ.)
  •  Եթե խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստների շրջանում կիրառվելու է սահմանափակում, ապա այդ դեպքում նվազագույնը 1 ֆուտբոլիստ պետք է լինի 23 տարեկանից ոչ մեծ:

ՀՀ քաղաքացի համարվող ֆուտբոլիստը, որը հրավիրվում է Հայաստանի պատանեկան կամ ազգային հավաքականներ, բայց միևնույն ժամանակ չի համապատասխանում տեղի սաների համար գործող չափորոշիչներին նույնպես պետք է ընդգրկվի նրանց շարքում:

Այս համատեքստում առաջարկում ենք յուրաքանչյուր ակումբի տալ մեկ տեղի հնարավորություն հայկական արմատներ ունեցող, բայց դեռևս Հայաստանի քաղաքացի չհամարվող ու հավաքականներում չընդգրկված մինչև 20 տարեկան մեկ ֆուտբոլիստի տեսքով: Տվյալ ֆուտբոլիստը կարող է լինել հայտցուցակում ընդգրկված 8 ֆուտբոլիստներից մեկը: Սփյուռքի ներուժի օգտագործումը հայկական ֆուտբոլի զարգացման անբաժան մասն է, ինչին մենք բազմիցս ականատես ենք եղել Հայաստանի ազգային հավաքականի հաջող ելույթների ժամանակ։

Ակումբը կոչ է անում նաև ՀՖՖ-ին վերանայել ակումբների սաների համար վճարվող մարզումային փոխհատուցման կարգը։ Անհրաժեշտ է կիրառել գործիքներ, որոնք հնարավորինս կկարգավորեն այս հարցը ի շահ հայկական ֆուտբոլի ապագայի։ Կարգավորումներն այս հարցում կնպաստեն նաև նրան, որ ակումբները շահագրգիռ կլինեն ոչ թե այլ ակումբներից վերցնել ֆուտբոլիստների, այլև իրենք կպատրաստեն սեփական կադրերին»։ 

«Նոա» - «Մենք նախընտրում ենք դա թողնել ՀՖՖ-ի հայեցողությանը՝ հրապարակել թե ոչ, քանի որ ակումբի նախագահը անմիջականորեն պատասխանաել է ՀՖՖ նախագահի համապատասխան նամակին»:

-------

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0