TotalFootball.am


05.08.20 19:04

Դմիտրի Սելյուկը՝ Էրիկ Վարդանյանի ապագայի և Յայա Տուրեի՝ Հայաստանում խաղալու հավանականության մասին


Ֆուտբոլային ֆունկցիոներ Դմիտրի Սելյուկը, որը ներկայացում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի շահերը, TotalFootball-ի հետ զրույցում խոսել է վերջինիս ապագայի և Յայա Տուրեի՝ Հայաստանում խաղալու հավանականության մասին: 

- Էրիկ Վարդանյանը երկար ժամանակ է,  ինչ բուժվում է վնասվածքից և մոտ է խաղադաշտ վերադառնալուն: Ի՞նչ եք կարծում նա կարող է օգտագործել իր շանսը «Սոչիում» և որքանո՞վ ազդեցություն կունենա այն հանգամանքը, որ հաջորդ մրցաշրջանից ԵԱՏՄ անդամ երկրների ֆուտբոլիստները լեգեոներ չեն համարվելու Ռուսաստանում: 

- Էրիկը տաղանդավոր և շատ լավ ֆուտբոլիստ է: Այն, որ հայ ֆուտբոլիստներն արդեն լեգեոներ չեն համարվելու Ռուսաստանում, անկասկած, լավ է, բայց ես ուզում եմ նշել, որ ընդհանրապես դեմ եմ ցանկացած սահմանափակման: Կարծում եմ, որ միայն մրցակցությունը կարող է զարգացնել ֆուտբոլը: 

Ինչ վերաբերվում է Էրիկին, կլինի լիմիտ, թե ոչ, էական չէ: Նա բավականաչափ որակյալ ֆուտբոլիստ է: Բացի այդ, մենք հիշում ենք, որ նույն Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ հիմա Էրիկը համար մեկ երիտասարդ հայ ֆուտբոլիստն է, որը կարող է իրեն լավագույնս դրսևորել բարձր մակարդակում: 

- Ի՞նչ կասեք վերջերս «Սոչիից» «Փյունիկ» տեղափոխված Մոհամեդ Լադանի մասին: 

- Նա երիտասարդ ֆուտբոլիստ է: Թիմի գլխավոր մարզիչը, ինչպես նաև «Փյունիկի» սպորտային տնօրեն Սամվել Առուստամյանը բարձր են գնահատում նրա որակները: Ֆուտբոլիստը շարունակում է աճ գրանցել և կարծում եմ, որ նա օգուտ կբերի «Փյունիկին»: 

- Օրերս հայտնի էր դարձել, որ Յայա Տուրեն մարզվում է անգլիական 4-րդ դիվիզոնի «Լեյտոն Օրիենտ» թիմի հետ: Ձեր կարծիքով, Տուրեն պատրաստ է դիտարկել կարիերան Հայաստանում շարունակելու տարբերակը, եթե հայկական որևէ ակումբ հանդես գա նման ցանկությամբ: 

- Իհարկե, պատրաստ չէ: Դա պարզ է: Բայց այստեղ մեկ այլ հարց կա: Ես և Յայան հիմա, կարելի է ասել, տարբեր կերպ ենք մտածում նրա հետագա կարիերայի վերաբերյալ: Ես կարծում եմ, որ Յայան պետք է ավարտի ֆուտբոլիստի կարիերան և մարզչական կարիերա սկսի: Դա իմ կարծիքն է: Նա կարող է անել այն, ինչ ուզում է: Բնականաբար, նա ցանկանում է որքան հնարավոր է երկար խաղալ, իսկ ես, նրա այս հետագա քայլերի հետ ոչ մի կապ չունեմ: Ես նրան ասել եմ, որ պետք է կանգ առնել որպես ֆուտբոլիստ և մարզչական գործունեություն սկսել: Ցավոք, հաճախ ստացվում է այնպես, որ ֆուտբոլից հեռանալը դառնում է ավելի դժվար, քան երբ նոր ես սկսում զբաղվել ֆուտբոլով: Ամենայն հավանականությամբ, նա դեռ ցանկանում է ինչ-որ տարբերակներ դիտարկել, բայց ես կարծում եմ, որ դա հարվածում է նրա հեղինակությանը: Նա պետք է հեռանար որպես չեմպիոն և նույնիսկ Չինաստան չարժեր գնալ: 

Ինչ վերաբերվում է «Լեյտոն Օրիենտի» կազմում մարզվելուն, նա ապրում է Լոնդոնում և այնտեղ մարզավիճակն է պահում՝ մարզվելով այդ թիմում: 

Իմ կարծիքով նա պետք է գնա այն ճանապարհով, որն արդեն ընտրել են Ֆրենկ Լեմպարդը, Ջոն Թերին... այսինքն՝ մարզչական կարիերա սկսի: 

-Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, նա կարո՞ղ է օգտակար լինել որևէ հայկական թիմի: 

- Տեսեք, նույնիսկ Հենրիխ Մխիթարյանը չի գա: Նա կխաղա Հայաստանում, երբ արդեն 40 տարեկան լինի: 

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0