TotalFootball.am


15.10.20 21:09

Անդրիյա Դրագոևիչ. «Ադրբեջանցիները սպառնում էին ինձ»


Հոկտեմբերի 10-ին Ազգերի լիգայի շրջանակներում կայացած խաղում Չեռնոգորիան սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին: Խաղից հետո չեռնոգորացի  դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը, որը ներկայումս հանդես է գալիս Երևանի «Ալաշկերտում», գրառում էր կատարել Instagram-ում: 

«Հայաստանի համար»,- գրել էր Դրագոևիչը: 

Դրագոևիչը Sport24-ի հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանցիներն այդ գրառումից հետո նույնիսկ սպառնացել են իրեն: 

«ԱՄեն ինչ շատ հեռուն գնաց: Չէի պատկերացնում, որ գրառումն այդպիսի ռեզոնանս կառաջացնի: Մի շարք լրագրողներ և ԶԼՄ-ներ այն սխալ ներկայացրեցին: Գրում էին, որ ես Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահն եմ, սակայն դա այդպես չէ, քանի որ ես արդեն 8 ամիս է, ինչ չեմ հրավիրվում հավաքական: Ինձ շփոթել էին մեկ այլ դարպասապահ Դրագոևիչի հետ: Իսկ իմ գրառումը կատարել եմ սեփական ցանկությամբ: Դա Չեռնոգորիայի հավաքականի հետ կապ չունի: 

Որոշ ԶԼՄ-ներ չգիտես թե ինչու գրել էին, որ ողջ Չեռնոգորիայի հավաքականն այդ հաղթանակը նվիրում է Հայաստանին: Բայց նման բան չկա: Ես միայն իմ դիրքորոշումն եմ հայտնել: Հաշվի առնելով արձագանքները, գրառումս ստիպված եղա հեռացնել: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան դժգոհություն էր ներկայացրել Չեռնոգորիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Instagram-ում պարզապես դժոխք էր տիրում: Գրառումը շատերին էր զայրացրել: 

Ադրբեջանի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստները նույն կերպ աջակցում են Ադրբեջանին, և ի՞նչ: Նույնիսկ Մայքլ Էսյենն էր արձագանքել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Կամ նույն սերբերը, որոնք աջակցում են հայերին: Մեկ անգամ ևս նշեմ. ես պարզապես աջակցել եմ ինձ համար թանկ երկրին և վերջ: Քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում: Ես խաղում եմ ֆուտբոլ Հայաստանում: Ես աջակցում եմ այն ազգին, որին սիրում եմ: Ի դեպ, Չեռնոգորիայի հավաքականում ոչ մի խնդիր չի եղել, նրանք հասկացել են գրառման իմաստը: 

Ես արդեն երեք տարի խաղում և ապրում եմ Հայաստանում: Հանդես եմ եկել «Արարատում», «Փյունիկում», իսկ հիմա արդեն «Ալաշկերտում» եմ: Ինձ դուր են գալիս այստեղի մարդիկ և ինձ շատ լավ եմ զգում: Այդ պատճառով էլ այս հաղթանակը նվիրեցի հայերին: Չէի ուզում որևէ սադրանքի դիմել կամ որևէ մեկին վիրավորել: 

Instagram-ում բազմաթիվ նամակներ էի ստանում տհաճ բովանդակությամբ: Սկզբում շատ ծանր էի տանում: Շնորհակալություն հայերին, որոնք աջակցող հաղորդագրություններ էին ուղարկում: Ադրբեջանցիների ուղարկած նամակները նույնիսկ չէի կարդում: Այնուամենայնիվ, կային սպառնալիքներ, բայց հասկանում էի, որ դա ժամանակավոր է: 

Ես սիրում եմ պատմություն և շատ եմ կարդում, այդ պատճառով էլ մոտավոր պատկերացում ունես կոնֆլիկտի մասին: Բայց հիմա չէի ուզենա խոսել քաղաքականությունից: Իհարկե, սարսափելի է, որ զոհվում են 18 տարեկան զինվորներ, ռմբակոծվում է խաղաղ բնակչությունը: Ես խաղաղություն եմ ուզում: 

Իհարկե, ես միշտ կլինեմ հայ ազգի հետ: Շատ ցավալի է տեսնել, թե ինչպես են տառապում հայերը: Ես հպարտանում եմ այս ազգով: Երբ պատերազմը սկսեց, ես հասկացա, թե ինչպես են հայերն աջակցում միմյանց: Բոլորը՝ ֆուտբոլիստներից մինչև մերսողներ: Այստեղ բոլորը պատրաստ են գնալ և պայքարել իրենց հայրենիքի համար: 

Չեմ զղջում, որ այդ գրառումը կատարել եմ, եթե ժամանակը հետ տանք, ապա նորից նույն կերպ կվարվեմ: Ցավոք, ինձ ճիշտ չեն հասկացել, բայց դա արդեն այլ հարց է: Ես չէի ուզում որևէ մեկին վիրավորել»: 





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0