«Արսենալի» պաշտպան Պեր Մերտեզակերը մեկնաբանել է թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի շուրջ ստեղծված իրավիճակը: Չիլիացին այս ամառ կարող է հեռանալ «զինագործների» կազմից:
«Ես չեմ խոսել նրա հետ այդ թեմայով: Հիմա նրան դադար է պետք, հանգիստ: Նա շատ բան է արել մեզ համար: Անցած մրցաշրջանում Ալեքսիսը խաղաց գրեթե բոլոր խաղերում, իսկ հետո մասնակցեց Կոնֆեդերացիաների Գավաթի բոլոր խաղերին: Հիմա նրան պետք է մենակ թողնել, որպեսզի ինքն անձամբ հասկանա, թե ինչ է իրեն պետք:
Սակայն ես վստահ եմ, որ նա կմնա թիմում: Եթե նա իրեն հարմարավետ է զգում, ապա ազատ է խաղում: Ավելի հարմար տեղ, քան «Արսենալն» է, նա չի գտնի», - Մերտեզակերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: