Կանանց ֆուտբոլի պատմության ամենահայտնի դարպասապահը, աշխարհի չեմպիոնուհի (2015) ու օլիմպիական չեմպիոնուհի (2008, 2012) Հոուփ Սոլոն պատմել է սեռական ոտնձգությունների մասին:
Սոլոն ոտնձգությունների մեջ մեղադրել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոզեֆ Բլատտերին. «Նա հարվածեց հետույքիս հենց «Ոսկե գնդակի» հանձնման ժամանակ բեմ դուրս գալուց առաջ: Դա արդեն նորմալ է դարձել»,- պատմել է ամերիկուհին Expresso-ին տված հարցազրույցում:
Ամեն ինչ տեղի է ունեցել 2013-ի հունվարին. Սոլոն մրցանակը հանձնում էր մեկ այլ ամերիկուհու՝ Էբբի Ուոմբաքին, իսկ Բլատտերը ուղեկցում էր նրան բեմում: Հոուփն այն ժամանակ 31, իսկ ՖԻՖԱ-ի նախագահը 76 տարեկան էր:
Սոլոյի խոսքով՝ այս բոլոր տարիների ընթացքում նա լռել է, քանի որ սովորել է պահանջներն անձամբ ներկայացնել, իսկ հիմա ոգեշնչվել է այն կանանցով, որոնք «հրապարակավ բարձրացրել են այդ լուրջ խնդիրը»: Ես միշտ ուղիղ եմ ասում: Պատահել է, որ ես թիմակիցներիս ասել եմ. «Մի դիպչիր ինձ, հեռացիր, մի արա դա»: Դա տեղի է ունեցել լոգարանում, հանդերձարանում...Բլատտերի դեպքում այլ էր. մենք բեմ էինք դուրս գալիս, ես նյարդայնանում էի «Ոսկե գնդակի» հանձնումից առաջ, իսկ հետո նրան այլևս չտեսա: Ես ուղղակի հնարավորություն չունեի ասելու, որ նա ինձ չդիպչի:
Բլատտերը ոչ մի կերպ չի մեկնաբանել այս հայտարարությունը, իսկ նրա ներկայացուցիչը հերքել է ամերիկուհու խոսքերը: Ավելի մանրամասն մեկնաբանություններից նա հրաժարվել է:
Հոուփ Սոլոն վաղուց է մտածել խոստովանության մասին: Դեռ հոկտեմբերի 17-ին նա «Ինստագրամում» գրել էր. «Մի քանի օր է մտածում եմ այն իրավիճակների մասին, որոնցում հայտնվել եմ ինքս կամ իմ ծանոթները. անթույլատրելի մեկնաբանություններից, անհարկի խաղերից, ոտնձգություններից մինչև հետույքին հարվածելը: Դրանով զբաղվել են և մարզիչները, և բժիշկները, և մենեջերները, և թիմի աղջիկները: Մարզիչները, գլխավոր ղեկավարներն ու նույնիսկ մամուլի քարտուղարները քննարկել են կանացի կուրծքն ու արտաքին տեսքի այլ մանրամասներ: Սպորտում իսկապես տարածված են սեռական ոտնձգությունները: Բայց ես միշտ կարողացել եմ այդպիսի պահերին պաշտպանել ինձ»:
Հիմա՝ արդեն խոստովանությունից հետո, Սոլոն կոչ է անում մարզուհիներին ակտիվ կերպով խոսել ոտնձգությունների մասին. «Յուրաքանչյուրն ինքն է որոշում, բայց ես կցանկանայի, որ ավելի շատ աղջիկներ խոսեին: Որովհետև որոշ մարդիկ շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները, որոշ խաղացողներ շարունակում են իրենց նույն ձևով պահել: Կարծում եմ՝ կարևոր է հասկանալ, որ ոտնձգությունները ոչ միայն ուժեղ տղամարդկանց կողմից են լինում: Դա կարող է նաև աղջիկների միջև լինել: Ես դա տեսել եմ ողջ կարիրայիս ընթացքում»: