TotalFootball.am


27.02.20 13:38

Կատաստրոֆայից մեկ պակաս. Զիդանը կարևոր զրույց ունի «Ռեալի» հետ


Մադրիդի «Ռեալը» փետրվարի 26-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում Անգլիայից ժամանած հյուրերի դեմ 75 րոպե խաղաց «արքայական» ֆուտբոլ, իսկ վերջին 15 րոպեի ընթացքում կորցրեց ուշադրությունը, գոլեր բաց թողեց, կորցրեց ավագին ու առաջատարին.... Արդյունքում՝ Զիդանն ու ֆուտբոլիստներն այս շաբաթվա երկու կարևոր հանդիպումներից առաջինում պարտվեցին:

«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման կարևորությունը նշելու կարիք չկա: Զիդան-Գվարդիոլա հակամարտությունը, «Սիթիի»՝ վրեժի ցանկությունը և այլ հանգամանքները հերթական անգամ նշելն անիմաստ է. բոլորն են հասկանում, թե ինչու են գերմոտիվացված «քաղաքայինները» և ինչ ունեն ապացուցելու մադրիդցիները:

Նրանք արեցին այն, ինչն ամենաքիչն էր սպասելի

Փետրվարի 26-ին թիմերից մեկը խաղաց հրաշալի 75 րոպե, մյուսը՝ 15, արդյունքում՝ խաղի վերջին 15 րոպեն ավելի կարևոր էր հաղթողին պարզելու համար:

Ճակատամարտում կռվում են մինչև վերջ, սա ամենալավը գիտեն հենց «սերուցքայինները», որոնք բազմիցս են տապալել մրցակցին խաղի վերջին վայրկյաններին, սակայն երեկ Մադրիդում տեղի ունեցած կռիվը տարբերվեց նախորդներից:

Ամենակարևոր պահին «Ռեալում» սխալվեց նա, ով չպետք է աներ դա: Ռամոսը երբեք օդային պայքարը հեշտ տանուլ չի տալիս, բայց երեկ «Ռեալի» համար ամեն ինչ հակառակ էր դասավորվում: Ռամոսը սխալվեց, «Սիթին» խփեց պատասխան գոլը:

1:1 հաշվի ժամանակ տանտերերն արդեն գոյություն չունեին: Պեպի ծանր հրետնանին էլ 80-րդ րոպեին այնպիսի արագացում արեց, որ ֆուտբոլային կռվում ամեն ինչ տեսած Դանի Կարվախալը չհասցրեց հասկանալ, թե ինչ է կատարվում... արդյունքում՝ 11-մետրանոց, 1:2 հաշիվ, ու Դե Բրույնեն Իսպանիայի մայրաքաղաքից բոլորին ապացուցում է, որ արժանի է «Ոսկե գնդակին» տիրանալուն կարիերայում գոնե մեկ անգամ:

«Ռեալը» «Սիթիի» հետ առաջին 75 րոպեի ընթացքում գրեթե անսխալ էր, այն դեպքերում, երբ սխալվում էին պաշտպանները կամ չէին հասցնում փակել դիրքերը կիսապաշտպանները, ապա օգնության էր գալիս Կուրտուան: Զիդանն ամեն ինչ ճիշտ էր հասկացել, «Ռեալը» կարդում էր «Սիթիի» գրոհները, բայց մինչև 78-րդ րոպեն:

Երեկվա խաղում Գվարդիոլան օգտագործեց այն, ինչի պակասը զգում է Զիդանը: 73-րդ րոպեին Պեպը «միացրեց» Սթերլինգին և «նետեց» դաշտ, ինչ եղավ հետո՝ շատ հուզիչ է մադրիդցիների երկրպագուների համար: Փոփոխություն, որ փոխեց խաղի ընթացքը, զենք, որն իր զինանոցում չունի Զիդանը:

 

Զիդանը խաղը փրկելու համար դաշտ էր դուրս բերում Լուկաս Վասկեսին ու Գարեթ Բեյլին, Իսկ Գվարդիոլան՝ Ռահիմ Սթերլինգին: Ըստ իս՝ կարիք չկա նշելու, թե որ մարզչի թարմ ուժն էր ավելի զորեղ:

Սթերլինգը դուրս եկավ ու վճռեց առայժմ միայն խաղի ելքը մեկ արագացմամբ, իսկ Բեյլը կամ Վասկեսը պարզապես դուրս եկան դաշտ ու... Շարունակությունը թողնում եմ ձեզ:

Ողբերգությունը մո՞տ է

«Սիթիի» հետ խաղը Զիդանի ու «Ռեալի» այս շաբաթվա առաջին կարևոր հանդիպումն էր: Այն չստացվեց ու հիմա պետք է մոռանալ ամեն ինչ ու պատրաստվել Իսպանիայի ու Եվրոպայի ամենակարևոր դիմակայությանը:

Մարտի 1-ին «արքայական» ակումբին հյուր է գալու Մեսսին ու իր շքախումբը: Ավանդաբար «Բարսելոնան» «Ռեալի» հետ ավելի լավ է խաղում Մադրիդում: Սա հասկանում են ու գիտեն նաև «Ռեալում»: 

Ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս խուսափել կատաստրոֆայից:

Այո, մրցաշրջանը լավ էր դասավորվում «Ռեալի» համար, բայց փետրվարը կարծես անիծված լինի Զիդանի թիմի համար: Նրանք լքեցին Իսպանիայի Գավաթը, առավելություն տվեցին «Սիթիին» ՉԼ-ում, իսկ Լա Լիգայում արդեն հետ են մնում կատալոնացիներից:

Հավաքվել է պետք ու մարտի 1-ին ցուցադրել այնպիսի խաղ, որն այս մրցաշրջանում դեռ ցույց չեն տվել: Զիդանը կարող է անմարդկային ձևով մոտիվացնել իր խաղացողներին, դա բոլորը գիտեն և դա «Սիթիի» հետ աշխատեց ընդամենը 75 րոպե:

Հիմա ևս մեկ զրույց է պետք թիմի հետ, այս անգամ այնպես, որ Զիդանի մարտիկները ամբողջ 90 րոպե կենտրոնացված լինեն: Խաղան այնպես, ինչպես պայքարեցին 2014 թվականին մայիսի 24-ին «Ատլետիկոյի» դեմ, ցուցադրեն այնպիսի կամային որակներ, ինչպես 2016 թվականի ապրիլի 12-ին «Վոլֆսբուրգի» դեմ... նման օրինակներ շատ են «Ռեալի» պատմության մեջ:

Սա ինչ-որ տեղ լինելու է նաև Զիդանի քննությունը: Երեք անգամ անընդմեջ ՉԼ հաղթելուց հետո շատերը դեռ կասկածներ ունեն Զիդանի-մարզչի ունակությունների վրա: Զիզուն վերադարձել է, որպեսզի ապացուցի բոլորին, որ ոչինչ պատահական չի եղել: Ավելի լավ առիթ, քան մարտի 1-ին կայանալիք խաղը՝ պարզապես չկա:

Մարտի 1-ին հաղթանակը շատ բան կարող է փոխել՝ տրամադրվածություն, կրկին առաջատարի դիրք Լա Լիգայում և ուժ՝ «Սիթիին» պատասխան խաղում ծնկի բերելու համար: Պարտությունը կնշանակի կատաստրոֆա, որից «Ռեալը» կարող է ուշքի չգալ:

«Ո՞վ, եթե ոչ մենք: Եթե երկրագնդի վրա կա ակումբ, որը կարող է հաղթել նման պարտությունից հետո, ապա դա «Ռեալն» է»,- այսպես է արտահայտվել Կազեմիրոն «Սիթիի» հետ խաղից հետո:

Ֆուտբոլ խաղին հետևող մարդիկ հոգու խորքում գիտեն, հնարավոր է չեն արտահայտվում, բայց վստահ են, որ «Ռեալը» կարող է վերադառնալ ցանկացած պարտությունից հետո: 13 անգամ, ՉԼ գավաթը գլխավերևում պահած ակումբի համար անհնարին ոչինչ չկա: Մարտի 1-ին այդ թիմը կրկին դուրս է գալու դաշտ կռիվ տալու, սպիտակ խաղաշապիկի համար պայքարելու: Մարտի 1-ին Զիդանն իր ֆուտբոլիստներին կրկին դաշտ է դուրս բերելու մեկ նպատակի համար՝ «Վերադարձեք, որպեսզի կրկին գրեք պատմությունը ոսկե տառերով»...

 

Սուրեն Սուքիասյան





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0