Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը սոց. ցանցերի իր էջերում նամակ է հրապարակել, որով դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Հայ ֆուտբոլիստը խաղաղության հաստատմանն ուղղված քայլեր ձեռնարկելու կոչ է արել:
«Ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ և հպարտորեն ներկայացնում եմ իմ երկիրը՝ Հայաստանը, միջազգային մակարդակով, ու այսօր Ձեզ գրում եմ շատ ծանր սրտով: Քանի որ աշխարհը ականատես է աննախադեպ և ողբերգական պատերազմի Լեռնային Ղարաբաղում, թույլ տվեք բարձրաձայնել իմ խորը մտահոգության մասին, որ իմ հայրենիքը վտանգված է:
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ իմ հայրենի Հայաստանը և Արցախը պաշտպանվում են ագրեսորներից՝ մեր` որպես ազգ լինելու, մեր պատմական հողերում գոյություն ունենալու և մեր՝ աշխարհին հայտնի քրիստոնեական ժառանգությունն ու արժեքները պահպանելու առաջնահերթ իրավունքի համար:
Վերջին մի քանի օրվա ընթացքում ռազմական մարտերի ակտիվացման հետ մեկտեղ, իսկապես սարսափելի է տեսնել, թե ինչպես է ադրբեջանական զինուժն ուղղակիորեն թիրախավորում մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող դպրոցներ և մանկապարտեզներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ, խիտ բնակեցված այլ բնակավայրեր: Կասետային մարտական հրթիռները բազմիցս օգտագործվում են խաղաղ բնակչության վրա հարձակման համար, որի արդյունքում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, որոնցից շատերը կմնան կոտրված ճակատագրերով:
Սա այլ կերպ չի կարելի անվանել, քան ռազմական հանցագործություն: Ձեր բարձր ուշադրությանն եմ ներկայացնում, որ Արցախում ներկայիս իրավիճակը մարդասիրական աղետի եզրին է: Ավելին, այդ ողբերգական իրադարձությունները տեղի են ունենում արտաքին տարածաշրջանային ուժերի և օտարերկրյա զինյալների անմիջական միջամտությամբ՝ Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության հարևանության տարածքում, ինչը անվտանգության ուղղակի սպառնալիք է նաև Ձեր երկրների համար:
Հայաստանն ու Արցախը միայնակ են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Որպես Հայաստանի Հանրապետության պատմական դաշնակիցներ՝ Ձեր միջամտությունը, կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այս կործանարար պատերազմը, ունի կարևոր նշանակություն:
Մեր երիտասարդները զոհվում են առաջնագծում և անդառնալիորեն վիրավորվում, ապագա ազգի կերտմանը մասնակցելու փոխարեն: Իմ սրտի խորքից ես կոչ եմ անում Ձեզ օգտագործել Ձեր ողջ ուժը այս ողբերգությունը կասեցնելու գործում և կողմերին վերադարձնել խաղաղ բանակցությունների:
Հարգանքներով Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ
«Ռոմայի» ֆուտբոլիստ
Unicef-ի բարի կամքի դեսպան»
A Call for Action & Peac @OSCE @KremlinRussia @EmmanuelMacron @realDonaldTrump #PeaceForArmenia #PeaceForArmenians pic.twitter.com/fZAXBz09IO
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) October 6, 2020