Իտալական «Միլանի» 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանդիպում է անցկացրել Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յանն Անդերսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հարձակվողի միջազգային կարիերայի հնարավոր վերսկսումը: Այս մասին հաղորդում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Երբ Զլատանը հայտնեց հավաքականի կազմում խաղալու պատրաստակամության մասին, բնականաբար, կարևոր էր հնարավորինս շուտ հանդիպելն ու դա քննարկելը: Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այդքան շուտ կազմակերպել հանդիպումը: Հանդիպումն անցավ շատ լավ և արդյունավետ, և մենք համաձայն ենք շարունակել հետագա երկխոսությունը», - մեկնաբանել է հանդիպումը Շվեդիայի հավաքականի մարզիչը:
Հիշեցնենք՝ Զլատանը Շվեդիայի հավաքականում նորամուտը նշել է 2001-ի հունվարի 31-ին: Հավաքականի կազմում անցկացրել է 109 խաղ, որոնցում խփել է 61 գոլ: 2016 թվականի հունիսի 22-ին կայացել է նրա հրաժեշտի խաղը: