Ղազախական «Ատիրաուի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, որի գլխավորությամբ թիմը 2020 թվականի Առաջին լիգայի արդյունքներով Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճեց, kazfootball.kz-ի հետ զրույցում ամփոփել է անցած մրցաշրջանն ու խոսել նպատակների մասին:
- Շնորհավորում ենք Պրեմիեր լիգա վերադառնալու առթիվ: Առաջին լիգայի ներկայիս ֆորմա՞տը թույլ տվեց հեշտությամբ անցնել մրցաշրջանն ու վերադառնալ բարձրագույն դիվիզիոն:
- Շնորհակալ եմ: Պանդեմիայով պայմանավորված, ֆորմատը փոփոխվել էր նաև Պրեմիեր լիգայում: Սա իմ առաջին տարին էր Ղազախստանում որպես գլխավոր մարզիչ: Եթե թիմն ավելի շատ խաղ ունենար, ապա մենք էլ ավելի շատ հնարավորություն կունենայինք ինչ-որ բան փոխելու համար: Բայց բոլոր խաղերն անցկացվում էին ամեն 3-4-րդ օրը: Խաղերի միջև ընկած հատվածում պետք է հասցնել վերլուծել ինչպես քո թիմի, այնպես էլ մրցակից թիմի խաղը: Տրիբունաներում չկային երկրպագուներ, որոնց կարիք զգում էինք: Այնուամենայնիվ, սոց.ցանցերում երկրպագուների ցուցաբերած աջակցությունը մենք զգում էինք: Ուզում եմ շնորհավորել երկրպագուներին:
- Մրցաշրջանն ավարտվել է, բայց Դուք դեռ Ղազախստանում եք: Հաջորդ մրցաշրջանի համար պայմանագիրը երկարաձգվե՞լ է:
- Դեռ իմ գործող պայմանագիրն է ուժի մեջ և ես շարունակում եմ աշխատել: Կա առաջարկ, կա կարծիք: Այսպես ասած, առաջարկը դիտարկվում է և քննարկման փուլում է:
- Ի՞նչ նպատակներ են դրված թիմի առջև հաջորդ մրցաշրջանի համար:
- Դեռ հստակություն չկա: Պրեմիեր լիգան նոր է ավարտվել և պետք է մի շարք բաներ հստակեցնել և հասկանալ:
- Եթե շարունակեք աշխատել, թիմում փոփոխություններ շա՞տ կլինեն: Ձեր հայրենակիցներն ավելի կշատանա՞ն թիմում:
- Հիմա հնարավոր է դիտարկել ֆուտբոլիստների Բելառուսից և Ռուսաստանից, որոնք նույնպես լեգեոներ չեն համարվում: Ինձ համար կարևոր է, որ ֆուտբոլիստը լինի պրոֆեսիոնալ, խաղա և օգուտ տա թիմին: Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերում՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հետ, խաղում էին 6 ֆուտբոլիստ, որոնց հետ ժամանակին աշխատել եմ: Այդ թվում նաև Տիգրան Բարսեղյանը:
Կարևորն այն է, որ ֆուտբոլիստը համապատասխանի այն ծրագրերի իրականացմանը, որն իմ առջև դրել է ակումբի ղեկավարությունը, և օգնի իրագործել դրանք:
Դեռ ոչ մի ֆուտբոլիստի հետ բանակցություններ չենք վարել:
- Մարզչական շտաբում փոփոխություններ կլինե՞ն:
- Ես շատ լավ մարզչական շտաբ ունեմ, բայց այն պետք է համալրել: Չեմ ուզում որևէ մեկին փոխարինել, պարզապես մեզ անհրաժեշտ է ունիվերսալ մասնագետ: Ժամանակակից ֆուտբոլը պահանջում է լավ մարզչական թիմ: Ունիվերսալ օգնականը կզբաղվի ինչպես ֆիզպատրաստվածության, այնպես էլ տակտիկայի մոդելավորման և ստրատեգիկ հարցերով:
- Նոյեմբերի 30-ին ավարտվեց Պրեմիեր լիգայի մրցաշրջանը: Որքանո՞վ է արդարացի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը:
- Հոկտեմբերի սկզբին ես հարցազրույցներից մեկում նշել էի, որ «Կայրաթը» չեմպիոնության հավակնորդ է: «Տոբոլի» խաղից երևում է, որ թիմը մեծ առաջընթաց է գրանցել, հատկապես մրցաշրջանի վերջնամասում:
«Աստանայում» փոփոխություններ շատ եղան, այդ պատճառով էլ, կարծում եմ՝ երրորդ տեղը տրամաբանական է:
-Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանում Ձեր թիմի համար, ո՞ր հորիզոնականը զբաղեցնելը կլինի հաջողություն:
- Արժանի և վստահ խաղ ու տեղ մրցաշարային աղյուսակի միջին հատվածում: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվել: Ուզում եմ ստեղծել ամուր թիմ, որն արժանի խաղ կցուցադրի»: