«Նոայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Матч ТВ»-ի հետ զրույցում խոսել է Հայաստանում տիրող իրավիճակի մասին:
- Դուք հիմա Հայաստանում եք և գլխավորում եք «Նոան»: Ի՞նչ իրավիճակ է Երևանում:
«Եթե քաղաքի կենտրոն դուրս չգաք և ցույցերին չմասնակցեց, ապա ամեն ինչ բավական հանգիստ է: Իրականում, ցույցերն էլ խաղաղ են ընթանում, ընդհանուր առմամբ: Մենք որպես թիմ մեր գործն ենք անում՝ պատրաստվում ենք խաղերին:
- Հայաստանում հիմա մարդկանց հետաքրքրո՞ւմ է ֆուտբոլը:
- Չեմ ուզում քննարկել քաղաքական իրավիճակը: Թիմում բոլորը կենտրոնացած են ֆուտբոլի վրա:
- Թիմի նախկին մարզիչ Իգոր Պիկուշչակը հայտնել էր, որ հեռանում է «Նոայից» Արցախում ստեղծված իրավիճակի պատճառով: Դուք չե՞ք վախենում:
- Ես եկա այստեղ, երբ պատերազմը դեռ ընթանում էր, հիմա այն ավարտվել է, հետևաբար իրավիճակն ավելի հանգիստ է, քան այն ժամանակ:
Իհարկե, երկրում տիրող իրավիճակն ազդում է մարդկանց վրա, դա փաստ է: Բայց մենք այստեղ ենք այլ նպատակով: Առաջնությունը չի դադարեցվել, այն վերսկսվել է ձմեռային դադարից հետո, խաղերը կայանում են, երկրպագուները՝ գալիս ստադիոններ: Ընդհանուր առմամբ, սպորտային կյանքը շարունակվում է: Մեր աշխատանքը նույնպես:
- Ինչպե՞ս ստացաք առաջարկ Հայաստանից:
- Ես զրուցել եմ Ալեքսեյ Զինինի հետ: Նա առաջարկ է արել: Այնուհետև խոսել եմ ակումբի նախագահ Ռոման Գևորկյանի հետ: Դրանից հետո որոշեցի ընդունել առաջարկը: Նպատակները մաքսիմալ են, բայց առաջնությունը բավականին բարդ է + խառնված խաղացանկը. շատ են տեղափոխված խաղերը, թիմերը տարբեր քանակի հանդիպումներ են անցկացրել մրցաշրջանի առաջին հատվածում կորոնավիրուսի համավարակի պատճառով:
- Ակումբի նախագահ Ռոման Գևորկյանը նաև իտալական «Սիենայի», գերմանական «Յուրդինգենի» և լատվիական «Նոայի» սեփականատերն է: Դուք մտածե՞լ եք, որ հետագայում իտալական թիմում աշխատելու շանս կարող եք ունենալ:
- Այս հոլդինգում իսկապես մի քանի թիմ կա: Սեփականատերը զարգացնում է դրանք: Ինչ վերաբերում է իմ մտքերին, ապա դրանք կապված են բացառապես երևանյան «Նոայի» հետ: Պետք էր արագորեն հարմարվել առաջնությանը, ճանաչել թիմին և խաղացողներին:
- Ձեր ակումբի նախագահը մեծ հայրենասեր է: Պատմում էր, որ ցանկանում է ակցիա իրականացնել ի աջակցություն Արցախի:
- Վերադառնամ նրան, ինչ ասացի. չեմ ուզում խառնել ֆուտբոլն ու քաղաքականություն: Իմ մոտ ամեն ինչ կարգին է, իսկապես: Արթնանում եմ 7:30, նախաճաշում, պատրաստվում մարզմանը, որը մեկնարկում է 11:30-ից: Ինչից հետո վերադառնում եմ և պատրաստվում հաջորդ մարզմանը: Այդպես ամեն օր:
- Բայց քաղաքի կենտրոն դուրս չեք գալիս:
- Ինչո՞ւ: Դուրս եմ գալիս: Կարող եք զբոսնել քաղաքի կենտրոնում և ոչ ոք ձեզ չի անհանգստացնի: Այո, մարդիկ դուրս են գալիս փողոց արտահայտելու իրենց կարծիքն ու պահանջները: Նրանց ձայնը լսելի է նույնիսկ իմ տան պատշգամբից, բայց ես այդտեղ խնդիր չեմ տեսնում: