Հերթական «Էլ կլասիկոն» դարձավ պատմություն: «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» և մրցաշարային աղյուսակում վերջինիս գերազանցում է 14 միավորով:
Առաջին կեսն անցավ դաշտի տերերի փոքր առավելությամբ, սակայն, ինչպես համոզվեցինք հետագայում, դա միայն թվացյալ առավելություն էր: Երկրորդ կեսում խաղադաշտում միայն մեկ թիմ էր:
54-րդ րոպեին Ռակիտիչը հիանալի անցում ձեռնարկեց կենտրոնից, փոխանցում կատարեց Ռոբերտոյին, վերջինս մեկ հպումով գտավ հսկողությունից դուրս մնացած Լուիս Սուարեսին, և ուրուգվայցին առաջ մղեց իր թիմին: Այնուհետև «Բարսելոնայի» արագ գրոհից հետո դատարկ դարպասից գնդակը ձեռքով հանեց Դանի Կարվախալը և հեռացվեց խաղադաշտից: Մեսսին, անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, գործնականում վերջակետ դրեց այս խաղին: Հետագայում երկու թիմերն էլ կարող էին դառնալ գոլի հեղինակ, սակայն հիանալի խաղացին Տեր Շտեգենն ու Նավասը: Բայց հանդիպման ելքը վճռեց խաղավարտին փոխարինման մտած Ալեյշ Վիդալը, որը Մեսսիի փոխանցումից հետո այս խաղում իր առաջին իսկ հարվածով գրավեց Նավասի դարպասը. 0-3: