TotalFootball.am


16.01.20 10:26

Պետրոս Ավետիսյան. «Վաղուց հասունացել էր պահը լքելու Հայաստանի առաջնությունը»


Ինչպե՞ս ստացվեց Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպանի տեղափոխությունը ղազախական «Տոբոլ», ինչպե՞ս են ընդունել նոր թիմում, ի՞նչ նպատակներ ունի նոր ակումբում: Այս ամենի մասին TotalFootball.am-ին պատմել է Պետրոս Ավետիսյանը:

- Պետրո´ս, ձեր տեղափոխությունն արտասահմանյան ակումբ սպասված էր արդեն երկար ժամանակ: Ինչպե՞ս եք ձեզ զգում «Տոբոլ» տեղափոխվելուց հետո:

- Կարծում եմ՝ արդեն վաղուց հասունացել էր պահը լքելու Հայաստանի առաջնությունը, հատկապես հիմա, երբ ես հաղթել էի առաջնությունը, երկրի Գավաթն ու Սուպերգավաթը: Ցանկանում էի փոխել մթնոլորտն ու խաղալ ավելի ուժեղ առաջնությունում, աճել որպես ֆուտբոլիստ: Այս տարբերակն ինձ առաջարկեց հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը: Հետաքրքրություն կար տարբեր ակումբների կողմից, բայց ես ընտրեցի «Տոբոլի» տարբերակը, քանի որ նրանցից հստակ առաջարկ էի ստացել, և ես կարծում եմ, որ սա լավագույն տարբերակն էր այս պահին: Տպավորություններս միայն դրական են: Ինձ շատ ջերմ ընդունեցին, և բոլոր պայմանները կան լավ նախապատրաստության ու մրցաշրջանի մեկնարկի համար:

- Վարդան Մինասյանը ժամանակին աշխատել է «Տոբոլում»: Տեղափոխությունից առաջ նրա հետ խորհրդակցե՞լ էիք:

- Այո, Վարդան Մինասյանը, որն այստեղ մի քանի տարի աշխատել է, միայն լավ խոսքեր է ասել թիմի ու ղազախական ֆուտբոլի մասին:

- Դուք առանցքային խաղացող էիք «Արարատ-Արմենիայում»: Ձեր տեղափոխության մասին նորությունն ակումբում ինչպե՞ս ընդունեցին:

- Շատ ուրախ եմ, որ Հայաստանում նման ակումբ ստեղծվեց, և ինձ բախտ վիճակվեց լինել այդ ակումբի մի մասը, խաղալ նման բարձրակարգ ֆուտբոլիստների կողքին: Մենք միասին շատ վառ ու հետաքրքիր տարի անցկացրինք: Եղավ նաև շատ ցավալի դրվագ, երբ մեզ չհաջողվեց դուրս գալ Եվրոպա Լիգայի խմբային փուլ, թեև շատ մոտ էինք դրան:

Ես շատ երախտապարտ եմ Վարդան Մինասյանին և նրա մարզչական շտաբին այն բանի համար, որ հավատացին ինձ, հնարավորություն տվեցին խաղալու նման ուժեղ թիմում: Երբ զգում ես ակումբի ու մարզչի վստահությունը, դա քեզ մոտիվացնում է՝ ամեն ինչ ներդնելու խաղում և հաղթել խաղերը նաև հանուն մարզչի:

- Ի՞նչ նպատակներով ու հույսերով եք միացել կոստանայական ակումբին:

- Թիմն անցած մրցաշրջանում երկար ժամանակ պայքարում էր չեմպիոնության համար, և ես կարծում եմ, որ այս մրցաշրջանում նույնպես նպատակները բարձր են: Իսկ իմ անձնական նպատակն է՝ օգտակար լինել թիմին իմ արդյունավետ գործողություններով:

_________

Հռիփսիմե Գալստյան





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0