TotalFootball.am


28.02.20 19:14

Եղիշե Մելիքյան. «Եթե լեգեոները լինի «Lada», դու նրանից «Mercedes» չես կարող ստանալ»


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին նշանակվեց ուկրաինական «Լվովի» գլխավոր մարզչի պաշտոնում: Ուկրաինայի առաջնության գարնանային հատվածի մեկնարկին ընդառաջ TotalFootball.am-ը մասնագետի հետ զրուցել է կարիերայում նոր փուլի, առաջադրանքների, Հայաստանի հավաքականը երբևէ գլխավորելու հավանականության մասին:

Փետրվարի 29-ին Մելիքյանի թիմը ՈՒՊԼ-ի 20-րդ տուրի շրջանակում կհյուրընկալի «Ալեքսանդրիային»:

- Ձեր մարզչական կարիերայում հիմա նոր փուլ է։ Ընդհանուր առմամբ այս պահին ինչպե՞ս կամփոփեք այն։

- Ես հիմա ունեմ նպատակներ, ձգտում եմ աշխատել ու իրականացնել դրանք: Ես մի բան գիտեմ՝ եթե մարզիչ ես, ապա ամենօրյա քրտնաջան աշխատանքով կհասնես քո նպատակներին: Ինձ մնում է միայն աշխատել, և ես դրանով զբաղվում եմ:

- «Լվովում» աշխատանքի անցնելիս ակնկալո՞ւմ էիք, որ այդքան արագ գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնեք։

- Իրականում՝ ոչ: Չեմ ակնկալել, որ ինձ կնշանակեն թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Ես «Լվով» չէի եկել նման ակնկալիքներով, ես պարզապես եկել էի այս թիմին օգնելու իբրև գլխավոր մարզչի օգնական, և ուզում էի ամեն ինչ անել, որ ակումբը հասներ հաջողության: Գլխավոր մարզիչ նշանակվելս ինձ համար սպասելի չի եղել:

- Ակումբի կողմից ի՞նչ առաջադրանքներ են դրված ձեր առջև։ Ու արդյոք երկարատև համագործակցության երաշխիքներ ստացե՞լ եք։

- Ակումբի հետ գործող պայմանագիրս նախատեսված է մինչև ամառ՝ մրցարջանի ավարտ: Ես ամեն օր ձգտում եմ այն բանին, որ մեր թիմն առաջընթաց ապրի: Եվ ձգտելու եմ թիմի հետ հնարավորինս շատ միավորներ հավաքել առաջնության գարնանային հատվածում: Միավորներ հավաքելու, դիրքը բարելավելու համար եմ աշխատում, և ջանում եմ, որ ֆուտբոլիստներն աճ գրանցեն նաև անհատական որակներով:

- Ձեր մի հարցազրույցում բրազիլացի լեգեոներներին համեմատել էիք Mercedes-ի հետ։ «Լվովի» կադրային քաղաքականությունն ինչպիսի՞ն է։

- Անձամբ ինձ համար ուկրաինացի ֆուտբոլիստը «Mercedes» է: Այդ համեմատությունն անելով ես նկատի ունեի լեգեոներներին, ովքեր գալիս են Ուկրաինա: Եթե եկած լեգեոները լինի «Lada», դու նրանից «Mercedes» չես կարող ստանալ: Ես նկատի եմ ունեցել, որ լեգեոներների մեջ Mercedes-ը բրազիլացիներն են, դրա համար ավելի լավ է՝ մեզ մոտ լեգեոներները լինեն բրազիլացիներ: Ինձ համար կարևոր է, որ իմ թիմում շատ խաղան ուկրաինացիներ: Դա նաև մեր առաջնության ու թիմի պատիվն է: Ես միայն ուրախ կլինեմ, որ շատ լինեն որակյալ ուկրաինացի ֆուտբոլիստները և խաղան մեր թիմում: Իսկ եթե բրազիլացի լեգոներներ, ուրեմն պետք է լինեն բարձրակարգ ֆուտբոլիստներ:

- Ուսումնամարզական հավաքի ընթացքում խաղացիք «Լոռիի» հետ։ Ի՞նչ կարծիք կարողացաք կազմել հայկական թիմի մասին։

- «Լոռին» լավ տպավորություն գործեց ինձ վրա, տակտիկապես գրագետ ու լավ թիմ էր, կոմբինացիոն ֆուտբոլ էին խաղում: Բայց ես չեմ կարող լիարժեք գնահատական տալ, քանի որ  նրանց դեմ մեր առաջին կազմով չէինք խաղում:

- Ընդհանրապես հետևո՞ւմ եք մեր ֆուտբոլում զարգացումներին, լեգեոներների ու տեղացի ֆուտբոլիստների շուրջ ստեղծված վիճակին։

- Հայաստանի առաջնությանը չեմ հասցնում հետևել, քանի որ Ուկրաինայի առաջնությունով եմ տարված: Այնպես որ, որևէ բան ասել չեմ կարող: Բայց Հայաստանի հավաքականի խաղերին անպայման հետևում եմ:

- Ֆեդերացիայում փոփոխություններն ի՞նչ սպասելիքների տեղ են տալիս։

- Ֆեդերացիայի փոփոխություններին տեղյակ եմ: Շնորհավորում եմ նորընտիր կազմին ու նախագահին և ցանկանում եմ, որ հայկական ֆուտբոլի համար հաջող աշխատանք կատարեն:

- Գիտեք, որ այս պահին հավաքականը մարզիչ չունի։ Դուք ցանկություն ունե՞ք երբևէ գլխավորելու մեր հավաքականը։ Հիմա Ձեզ այդ աշխատանքի համար պատրաստ զգո՞ւմ եք։

- Հուսով եմ, որ մարզչի հարցում ճիշտ որոշում կկայացնեն, լավ մարզչի կհրավիրեն, որը կօգնի մեր հավաքականին: Ես այս պահին մտածում եմ իմ թիմի հաջողությունների մասին, լիովին կենտրոնցած եմ «Լվովի» վրա: Գիտեմ, որ լավ մարզիչներ կան, որոնք այս պահի դրությամբ թիմ չունեն և իրենք էլ կարող են ինչ-որ բանով օգնել մեր հավաքականին: Պարզապես պետք է ճիշտ ընտրություն կատարել: Ես միշտ էլ վստահ եմ եղել, որ կարող եմ մեր հավաքականին օգնել, բայց այսօր այդ մասին չեմ մտածում, մտածում եմ ակումբում իմ խնդիրը լավ կատարելու մասին:

—————

Հռիփսիմե ԳԱԼՍՏՅԱՆ





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0