TotalFootball.am


31.03.20 22:37

Արամ Հայրապետյան. «Հուսով եմ՝ շուտով կկարողանանք հաղթահարել այս դժբախտությունը»


Հայաստանի ազգային հավաքականի ու իրանական «Փեյքանի» դարպասապահ Արամ Հայրապետյանը հարցազրույց է տվել ՀՖՖ-ի՝ VKontakte-ի պաշտոնական էջին: Ֆուտբոլիստը, որն այս օրերին Իրանում է, պատմել է, թե ինչպես է անցկացնում կյանքը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված սահմանափակումների պայմաններում: Հայրապետյանը նաև կարծիք է հայտնել հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մասին:

«Այս պահին Իրանում եմ, Թեհրան քաղաքում, որը երկրում վարակի երկրորդ ամենախոշոր օջախն է: Հիվանդների քանակն արդեն 40 հազարն անցել է:

Ես կարանտինի մեջ եմ, հետևում եմ անվտանգության բոլոր միջոցներին, լվանում ու ախտահանում եմ ձեռքերս, դիմակ ու ձեռնոցներ եմ կրում: Միայն խիստ անհրաժեշտության դեպքում եմ տնից դուրս գալիս: Մթերքի համար խանութ գիշերով եմ գնում, որպեսզի խուսափեմ մարդկանց մեծ խմբերի հետ շփումից: Մթերային խանութներից ու դեղատներից բացի մնացած ամեն ինչ փակ է:

Առաջնությունն ու մարզումները դադարեցվել են ավելի քան 20 օր առաջ:Ի սկզբանե մեզ ասել էին, որ մարզումները դադարեցվում են 2 շաբաթով: Ի դեպ, օդային ճանապարհներն այդ պահին արդեն փակ էին: Ես կարող էի Հայաստանից գնալ Ադլեր, բայց չցանկացա հարազատներիս ու մտերիմներիս վտանգի ենթարկել ու որոշեցի մնալ ու սպասել իրավիճակի բարելավմանը և մարզումների վերսկսմանը:

Քանի որ դեռ պարզ չէ, թե երբ այս ամենը կավարտվի, ինչպես նաև մարզավիճակս չկորցնելու նպատակով ես ակումբի ղեկավարությունից թույլտվություն եմ ստացել անհատապես մարզվել մարզաբազայում: Լեգեոներներից միայն ես եմ մնացել: Այս պահին մարզաբազայում ինձնից բացի ուրիշ ոչ ոք չի մարզվում:

Ինչ վերաբերում է հավաքականի նոր մարզչին՝ նա մեծ փորձ ունի, բավականին ուժեղ թիմերի է մարզել, որոնք նրա ղեկավարությամբ լավ խաղ են ցուցադրել Եվրոպա Լիգայում: Կարծում եմ՝ նրա որակավորումն ու փորձը կօգնեն մեզ՝ հասնել լավ արդյունքների:

Հուսով եմ՝ շուտով մեզ կհաջողվի հաղթահարել այս դժբախտությունը: Ես իմ հայրենակիցներին խնդրում եմ լուրջ վերաբերվել այս խնդրին, հետևել բոլոր կանոններին, չխախտել կարանտինի կանոնները և իրենց կյանքն ու տարեց հարազատների կյանքը վտանգի չենթարկել: Միայն այդպես մեզ կհաջողվի հաղթահարել ու վերադառնալ բնականոն կյանքին ու զբաղվել մեր սիրելի գործերով», - Հայրապետյանի խոսքերն է մեջբերել ՀՖՖ մամուլի ծառայությունը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0