TotalFootball.am


26.06.20 19:55

Կայացել է ՀՖՖ Գործկոմի նիստը պայմանավորված խաղերի վերաբերյալ


Հունիսի 26-ին կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում եղել է պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեի զեկույցների քննարկումը «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ խոսելով վերջին 1 տարվա ընթացքում պայմանավորված խաղերի բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների և այս տարվա ապրիլի 29-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշմամբ ստեղծված Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեի մասին (ժամանակավոր կոմիտե):

Այնուհետև ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրել է փորձագիտական կոմիտեի աշխատանքների արդյունքները և պատրաստած զեկույցները «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների վերաբերյալ: Ներկայացվեցին ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի,  բուքմեյքերական ընկերությունների և  բուքմեյքերական շուկայի վերլուծությամբ  զբաղվող արտասահմանյան գործակալությունների և այլ գործընկերությունների կողմից տրամադրված փաստերը և տեղեկությունները:

Փորձագիտական կոմիտեն հարցազրույցներ է ունեցել տասնյակ անձանց հետ, ովքեր կարող էին ներգրավված լինել  կասկածելի խաղերի կազմակերպման գործընթացում, կամ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել այդ կապակցությամբ: Տեղեկությունները ներկայացվել են ՀՖՖ գործկոմին, որի անդամները հնարավորություն են ստացել ուսումնասիրելու փորձագիտական կոմիտեի զեկույցները և այն փաստերը, որոնց հիման վրա աշխատանք է ծավալել փորձագիտական կոմիտեն:

Կայացած քննարկումներից հետո առկա փաստերի հիման վրա ՀՖՖ գործկոմը կայացրել է 2 միաձայն որոշում.

1. Ներկայացնել միջնորդություն ՀՖՖ կարգապահական կոմիտեին «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ՝ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ:

2. ՀՖՖ կանոնադրության 17-րդ հոդվածի 1 կետի համաձայն, կասեցնել «Լոկոմոտիվ», «Տորպեդո», և «Արագած» ֆուտբոլային ակումբների անդամությունը ՀՖՖ-ին մինչև ՀՖՖ հերթական ժողովը՝ ՀՖՖ կանոնադրության 16-րդ հոդվածի ա, ժբ, ժէ կետերի հիմնավորմամբ:Նշենք, որ «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն հանդիսանում ՀՖՖ անդամ:

Եզրափակելով ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ այս գործողությունները ՀՖՖ կողմից նախաձեռնած կարևոր գործընթացի միայն առաջին փուլն է: ՀՖՖ փորձագիտական կոմիտեի աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, հետազոտվելու են Բարձրագույն և Առաջին խումբը ներկայացնող այլ ակումբներ, որոնց վերաբերյալ հավաքագրվում են նյութեր և փաստեր:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0