Fanclubs CUP 2016 ֆուտզալի սիրողական մրցաշարի քառորդ եզրափակչի շրջանակում նոյեմբերի 28-ին կայացավ ևս երկու հանդիպում:
«Միկա» մարզադահլիճում ժամը 20:00-ին մեկնարկած խաղում միմյանց հետ մրցեցին «Արարատ» և «Դեպորտիվո» թիմերը: Կարելի է միանշանակ ասել, որ սա մրցաշարի՝ մինչ այս տեղի ունեցած խաղերից ամենալարվածն ու հետաքրքիրն էր: Երկու թիմերն էլ ներդրել էին իրենց ողջ ուժերն ու դիտարժան խաղ էին ցուցադրում. արդյունքում խաղի հիմնական ժամանակում թիմերը չկարողացան պարզել հաղթողին՝ այն ավարտելով ոչ-ոքի՝ 4-4 հաշվով: Լրացուցիչ ժամանակում, թեև գոլային մի քանի պահերի, թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասներն ու հաղթողին վճռելու համար անհրաժեշտ եղավ հետխաղյա 6-մետրանոց հարվածաշար անցկացնել: Այստեղ էլ հաջողությունն «Արարատի» խաղացողների կողմն էր, որոնք 4-2 հաշվով հաղթանակ տոնեցին և ապահովեցին իրենց տեղը մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում:
Օրվա մյուս խաղում միմյանց հետ մրցեցին «Լեո» և «Ֆակել» թիմերը: Հանդիպման առաջին իսկ րոպեներից նկատելի էր «Լեոյի» ունեցած առավելությունը, արդյունքում վերջինս գերվստահ հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ՝ 11-2 հաշվով և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց:
Հիշեցնենք՝ Fanclubs CUP 2016 ֆուտզալի սիրողական մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի վերջին հանդիպումը՝ «Բոկա Խունիորսի» և «Բավարիայի» միջև, տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 29-ին և կմեկնարկի ժամը 19:30-ին: