Հուլիսի 4-ին Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Կապանի «Գանձասար»-ը, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, հյուրընկալեց ղազախական «Ակտոբե»-ին (1-2): Հանդիպումից հետո «Ակտոբե»-ի 28-ամյա հարձակվող Սերգեյ Դավիդովը, ով նաև գոլի հեղինակ դարձավ, լրագրողների հետ ունեցած զրույցում ասաց հետևյալը.
«Այսօր հաղթեցինք, առաջին գոլը ես հեղինակեցի: Շնորհավորում եմ իմ թիմին, ապրեն տղաները : Պատասխան խաղում արդեն մեր հարկի տակ ենք խաղալու, ինչը առավելություն է մեզ համար և հուսով եմ՝ բախտը այդ անգամ ևս մեր կողմը կլինի»:
Լրագրողի այն հարցին,թե կար ինչ-որ բան, որը նրանց խանգարեց, ֆուտբոլիստը պատասխանեց.
«Դե կլիման մեզ համար դժվար էր, մեզ մոտ այլ է: Խաղից մեկ օր առաջ եկանք, մարզվեցինք ու անմիջապես խաղն էր, բայց ամեն ինչ հաջող անցավ, իմ թիմը հաղթեց»:
Խոսելով իրենց թիմի երկրպագուների մասին, Դավիդովը մասնավորապես ասաց.
«Իհարկե, երկրպագուները մեզ շատ օգնեցին, նրանց ձայները մեզ լսելի էին, ու շնորհակալ եմ նրանց, որ եկել էին մեր թիմին աջակցելու»: