TotalFootball.am

12.06.17 20:56

Կյանքն առանց ֆուտբոլի. Արկադի Դոխոյանի մասին` երրորդ դեմքով


Այսօր՝ հունիսի 12-ին իր ծննդյան 40 ամյակն է տոնում 2000-ականների սկզբում հայկական ֆուտբոլի ամենահեռանկարային դեմքերից մեկը՝ Արկադի Դոխոյանը: Այդ տարիներին Արկադին փայլում էր Հայաստանի առաջնությունում  և աննկատ չմնաց Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի կողմից. պաշտպանը 6 հանդիպում է անցկացրել մեր հավաքականի կազմում: Դոխոյանն ունիվերսալ ֆուտբոլիստ էր, ինչը հնարավորություն էր տալիս մարզիչներին՝ նրան օգտագործել տարբեր դիրքերում: Ցավոք, նրա հեռանկարային կարիերան ընդհատվեց վնասվածքի ու բժիշկների անփութության պատճառով, հակառակ դեպքում նա հաստատ մեծ հետք կթողներ հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Նա կարող էր փայլել լավ առաջնություններում, կլիներ տարիքային ավելի շատ ռեկորդների հեղինակ: Մինչև 2012 թվականը՝ շուրջ 16 տարի, անգերազանցելի էր նրա տարիքային ռեկորդը 19 տարեկանների համար. 1996 թվականին Արկադին արդեն 71 խաղ էր անցկացրել Հայաստանի առաջնությունում: Բայց ֆուտբոլը «Երևի»-ներ ու «Գուցե»-ներ չի սիրում, այստեղ ամեն ինչ անկանխատեսելի է. այդպես, 2001 թվականը ճակատագրական եղավ 24-ամյա ֆուտբոլիստի համար:

Արկադի Դոխոյանն արդեն գրեթե 16 տարի է՝ հեռու է ֆուտբոլից: Ծննդյան տարեդարձն առիթ հանդիսացավ, որ գնանք նրա հետքերով՝ պարզելու, թե ինչով է զբաղված նա հիմա:

Իբրև սկիզբ. «Արկադին շատ պայքարող տեսակ է»

Նունե Գեղամյան (կինը). «Նրա կարիերայի ակտիվ փուլում նշանադրվեցինք ու ձգձգում էինք ամուսնությունը, քանի որ նա անընդհատ մեկնում էր արտասահման՝ փորձաշրջանների, լավ լուրեր կային, սպասում էինք, որ տեղափոխություն կլիներ: Ռեալ առաջարկներ ուներ Բուլղարիայից, Հունաստանից, կարծեմ՝ նաև Կիպրոսից մի թիմ կար: Արդեն ես էլ եմ աղոտ հիշում: Հետո եղավ այդ վնասվածքը: Իհարկե, շատ հայտնի բժիշկ վիրահատեց, բայց ոչ սպորտային շեշտադրմամբ: Վիրահատությունից հետո բարդություններ առաջացան, ինչը նախատեսած չէր: Դրսից բժիշկ հրավիրվեց, որը փաստեց, որ վիրահատության խնդիր է: Այդ բժիշկն ասաց. «Դու պետք է շնորհակալ լինես Աստծուն նորմալ քայլելու, ծունկդ նորմալ օգտագործել կարողանալու համար: Պրոֆեսիոնալ ծանրաբեռնվածության մասին խոսք չի կարող լինել»: Երկաթներով նրա ծունկը հավաքեցին: Վերականգնման փուլն անցնելու ընթացքում մեծ հույսեր ուներ, որ կվերադառնա խաղադաշտ: Շատ դժվար հաղթահարեց այլևս խաղադաշտ չվերադառնալու փաստը: Պատկերացնո՞ւմ եք՝ 12 տարեկանից լինել ֆուտբոլում, հետևել բոլոր կարգուկանոններին, գրամներով սնվել, հստակ գրաֆիկով քնել, քեզ զրկել դեռահասության փուլի բոլոր հաճույքներից, հրաժարվել այն ամենից, ինչը թեկուզ մի փոքր կվնասի կարիերայիդ, լինել չափազանց նվիրված, ու հանկարծ կանգնել այդ փաստի առաջ: Նա շատ գրագետ ֆուտբոլիստ էր: Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը գերազանց գնահատականներով է ավարտել, շատ լավ անատոմիա գիտեր: Հակված է եղել կրթություն ստանալուն, սովորելուն: Մտերիմներն էլ են ասում՝ նա ֆուտբոլը ոչ թե ոտքերով էր խաղում, այլ գլխով: Ի սկզբանե հակված է եղել ավելի լուրջ, գիտական որևէ մասնագիտության, բայց 11-12 տարեկանում մի անգամ Կարենի (ավագ եղբոր՝ Կարեն Դոխոյանի՝ հեղ.) հետ գնացել է նրա մարզմանը: Դրանից հետո, նրա մայրն է պատմում, մարզիչներն անընդհատ ասել են. «Նրան ֆուտբոլի բերեք: Նա շատ մեծ ձիրք ունի, շատ խելոք է խաղում…»: Այդպես էլ նա մտել է ֆուտբոլի մեջ:

Երբ գնում էին արտագնա խաղերի, եթե ուրիշները նվերներ էին բերում, նա ֆուտբոլային ամսագրեր, գրականություն էր բերում, որոնցում խորհուրդներ էին լինում ֆուտբոլիստների համար՝ ճիշտ սննդակարգ և այլն…Անընդհատ դրանք էր ուսումնասիրում: Նա շատ լրջորեն էր մոտենում ֆուտբոլին, դրա համար էլ շատ ծանր տարավ այդ փաստը: Ասում էր՝ «Ես շատ մոտ էի իմ ամենամեծ երազանքին՝ դրսում խաղալուն»: Մոտ երկու-երեք տարի հոգեբանորեն չէր կարողանում հաղթահարել հարկադրված այդ որոշումը: Բացարձակապես դադարեց ֆուտբոլ դիտելը: Ինքն իր համար ամբողջությամբ մերժեց ֆուտբոլը: Հետո սկսեց քիչ-քիչ վերականգնվել, նոր ոլորտում իրեն փորձեց. ներդրումներ արեց, բիզնես ոլորտն ուսումնասիրեց: Լավ ընկերներ ունի, ովքեր իրեն շատ օգնեցին: Ամրացավ ու կայացավ բիզնեսում: Նա էլի կարողացավ գտնել իրեն: Փառք Աստծո, ամեն ինչ լավ դասավորվեց, բայց՝ առանց ֆուտբոլի: Վերջին երեք-չորս տարին սկսեց նորից ֆուտբոլ դիտել, հետաքրքրվել: Ընկերների երեխաններն են արդեն ֆուտբոլի հաճախում, խնդրում էին, որ նայեր, կարծիք հայտներ: Այդպես՝ կամաց-կամաց որոշ չափով վերադարձավ: Մեր տղային էլ 4 տարեկանից տարավ ֆուտբոլի: Բայց նա չափերով շատ խոշոր է (ժպտում է՝ հեղ.), ընդհանրապես սպորտային չէր, բայց ոչ մի մարզիչ չէր ասում. «Մի բերեք ֆուտբոլի»: Մի օր նա ինքն ասաց. «Պա՛պ, կներես, քեզ համար եմ գնում ֆուտբոլի, ես չեմ սիրում ֆուտբոլ»: Նա հիմա ծրագրավորմամբ է զբաղվում:

Մի քանի տարի առաջ նրան հորդորեցի՝ մարզչական դասերի գնալ: Նույն հորդորն արել էր նրա մտերիմ ընկերներից մեկը: Համոզվեց, գնաց: Սկսեց մարզչական B արտոնագրի դասընթացներին հաճախել: Այնտեղ լրագրողները նրան նկատել էին, կայքերում գրեցին այդ մասին: Հետո ասաց, որ չէ, շատ է ետ մնացել ֆուտբոլից: Ամեն դեպքում, դասընթացներն էլ օգնեցին վերջնական հաղթահարել խնդիրները: Բայց հետո չշարունակեց հաջորդ կարգի արտոնագրի համար դասընթացները:

Շատ-շատ դժվար էր սկզբում: Անընդհատ կրկնում էր՝ «Ես ոչ մի բան անել չգիտեմ բացի ֆուտբոլից»: Բայց նրան հաջողվեց ոտքի կանգնել, շատ արագ ուսումնասիրեց բիզնես ոլորտը, բիզնեսի հիմունքները:  Մանր քայլերով սովորեց ու ոտքի կանգնեց: Ընկերները, մեր երկուսի ընտանիքները աջակցեցին նրան: Արկադին շատ պայքարող տեսակ է: Դա մարզիկի ուժեղ կամային որակն էր, ինչը շատ եմ սիրում»:

«Մենք ընտրել էինք ամենավտանգավոր սպորտաձևերից մեկը»…

Եղիշե Մելիքյան. «Արկադին իմ մանկության ընկերն է։ Մենք միասին խաղացել ենք ակումբներում, հավաքականում։ Նա շատ տաղանդավոր ու աշխատասեր ֆոտբոլիստ էր, շատ ընկերասեր էր։ Բոլորն էլ նրան փայլուն կարիերա էին կանխատեսում` տեսնելով նրա որակներն ու աշխատասիրությունը։ Նա իսկապես շատ օժտված էր։ Մենք ընտրել էինք ամենավտանգավոր սպորտաձևերից մեկը, որում վնասվածքների ռիսկը շատ բարձր է։ Ու Արկադին, ցավոք, բախվեց այդ խնդրին։ Նա ծնկի լուրջ վնասվածք ստացավ, իսկ այդ ժամանակ այսքան զարգացած չէր ամեն ինչը, թեկուզ հենց բժշկության տեսանկյունից. նրան սխալ վիրահատեցին, ու նա այլևս չկարողացավ վերադառնալ խաղադաշտ։ Եթե շարունակեր խաղալը, անպայման շատ մեծ բարձունքների էր հասնելու։ Պետք է մի բան ևս նշեմ. մենք փոքր էինք, բայց հենց այդ տարիքից արդեն զգացվում էր նրա խելացիությունը. և խոսելիս, և մտածելիս, և խաղալիս նա շատ խելացի էր, ուսման հետ սեր ուներ։ Գիտե՞ք, հիմա աշխատանքի բերումով մենք տարբեր երկրներում ենք ապրում, բայց ես Արկադիին միշտ համարում եմ իմ ընկերը։ Շատ լավ ու ջերմ հիշողություններ ունենք, միասին ճանապարհ ենք անցել։ Շնորհավորում եմ ընկերոջս ծննդյան 40-ամյակի առթիվ։ Նրան քաջառողջություն եմ մաղթում ու երջանկություն իր գեղեցիկ ընտանիքի հետ։ Մի անգամ արդեն ապացուցել է, որ ինքը շատ ուժեղ մարդ է։ Մաղթում եմ, որ միշտ այդպիսին լինի` չընկճվող ու չկոտրվող և ոչ մի դժվարության առաջ»։

«Նա մեր ամենատաղանդավոր ու հեռանկարային ֆուտբոլիստներից մեկն էր»…

Արամ Հակոբյան (Խաղընկերը). «Երևի ձեր` ֆուտբոլի մասին ամենահաճախ լսած արտահայտությունները. "Ֆուտբոլն անկանխատեսելի է", "Ֆուտբոլում ինչ ասես կարող է պատահել" արտահայտություններն են (Ժպտում է` հեղ.)։ Ու իսկապես այդպես է, չենք խաբում, երբ նման բան ենք ասում։ Երբ միասին խաղում էինք Արկադի Դոխոյանի հետ, որևէ մեկիս մտքով չէր անցնի, որ այն փայլուն կարիերան, որը նրան սպասվում էր, այդպես էլ կիսատ կմնար։ Նա մեր ամենատաղանդավոր ու հեռանկարային ֆուտբոլիստներից մեկն էր։ Չափից շատ աշխատասեր, իր գործին նվիրված, գլուխը կախ իր գործն անող, լավ տղա էր Արկադին։ Ես հիշում եմ, որ նրանով արդեն արտասահմանյան ակումբներ էին հետաքրքրվում։ Ցավոք, վնասվածքի սխալ վիրահատությունն ամեն ինչ փոխեց։ Ես շատ լավ եմ պատկերացնում Արկադիի ապրումները, քանի որ ինքս էլ վնասվածքի պատճառով ստիպված եղա կիսատ թողնել խաղային կարիերաս։ Երբ ողջ կյանքդ նվիրում ես ֆուտբոլին, իսկ այն քեզ փոխհատուցում է վնասվածքով, շատ դժվար է լինում վերականգնվելը։ Արկադին ամբողջովին կտրվեց ֆուտբոլից։ Մի քանի տարի առաջ իմացա, որ մարզչական դասընթացների էր մասնակցում, շատ էի ուրախացել այդ առիթով։ Հավատացեք, նա այնքան խելացի էր ֆուտբոլում և այնքան տաղանդավոր, որ հաստատ կարող էր օգտակար լինել։ Ուրախալի է, որ ամեն դեպքում կարողացավ հաղթահարել ամեն ինչ ու ոտքի կանգնել, կայանալ։ Շնորհավորում եմ նրա տարեդարձը։ Ուրախ եմ, որ առիթ է եղել ծանոթանալու և խաղալու նրա հետ։ Մաղթում եմ ամուր առողջություն և հաջողություն գործերում։ Տա Աստված, որ նրա կյանքում այլևս չլինի այնպիսի փորձություն, ինչպիսին ստիպված եղավ հաղթահարել տարիներ առաջ»։

________

Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից

Պատրաստեց՝ Հռիփսիմե Գալստյան





  Լրահոս



Հայաստան

Կոնֆեդերացիաների գավաթ. Ո՞ր հավաքականները դուրս կգան եզրափակիչ

  • Պորտուգալիա - Գերմանիա
  • Պորտուգալիա - Մեքսիկա
  • Չիլի - Գերմանիա
  • Չիլի - Մեքսիկա

Արտյոմ Սիմոնյանը փորձաշրջան է անցնում «Վինտերտուրում»
146
Լոպիրյովա. «Հենրիխ Մխիթարյանը հպարտության զգացում է առաջացնում»
1549
Իռլանդացի մրցավարը կսպասարկի Մլադոստ - Գանձասար-Կապան հանդիպումը
121
Հունգարացի մրցավարը կսպասարկի Փյունիկ - Սլովան հանդիպումը
127
«Ռասինգի» ֆուտբոլիստները մարզումից առաջ հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
800
«Ենիսեյը» պարտվել է ստուգողական խաղում. Արթուր Սարկիսովը մասնակցել է խաղին
119

Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  29  61
Գանձասար-Կապան  29

 56

Շիրակ  29  52
Փյունիկ  29  42
Բանանց  29   21
Արարատ  29  12



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1