Հայաստանի Ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այս օրերին ԱԱ-2018-ի միջոցառումների համար գտնվում է Մոսկվայում, հարցազրույց է տվել РИА Новости-ին: Հայ ֆուտբոլիստն իր կարծիքն է հայտնել ԲԿՄԱ-ի հարձակվող Ալեքսանդր Գոլովինի մասին, ինչպես նաև դիտարկել, թե ինչու Ռուսաստանի առաջնությունում աստղեր ի հայտ չեն գալիս:
- Ռուսաստանում այս մրցաշրջանում շատ էին խոսում, որ ԲԿՄԱ-ի 22-ամյա հարձակվող Ալեքսանդր Գոլովինը կարող է տեղափոխվել Եվրոպա: Եվ շատերը կարծում են, որ չափազանց վաղ տեղափոխությունն արտասահմանյան ակումբ կարող է ընդհանրապես փչացնել ֆուտբոլիստի կարիերան: Իսկ դուք ի՞նչ կասեք:
- Ձեզ հանդիպելուց առաջ ես հարցազրույց էի տալիս ռուսական կայքերից մեկին, ու ինձ էլի հարցրին Գոլովինի մասին: Թե արժե՞ արդյոք, որ նա հեռանա ԲԿՄԱ-ից «Մոնակո»: Այդ առումով կարող եմ ասել մի բան. եթե Գոլովինը իսկապես ցանկանում է տեղափոխվել եվրոպական առաջնություն, պետք է ընտրել այնպիսի ակումբ, որտեղ նա կխաղա, ոչ թե կնստի պահեստայինների նստարանին: Հասկանալի է, որ բոլորը մտածում են «Ռեալի» կամ «Բարսելոնայի» մասին, բայց պետք է հստակ հասկանալ. այդ մակարդակի ակումբ տեղափոխությունը կարող է պարզապես ոչնչացնել ֆուտբոլիստին: Ուստի պետք է որքան հնարավոր է շատ խաղալ, փորձ հավաքել ու պատրաստ լինել երկրորդ քայլն անելու արդեն ավելի բարձր ու լուրջ մակարդակով:
- Կարող եմ սխալվել, բայց դուք ինքներդ իսկապես բացահայտվեցիք «Բորուսիայում», երբ Յուրգեն Կլոպին փոխարինեց Թոմաս Տուխելը:
- Ինձ մոտ առաջին մրցաշրջանն էլ «Բորուսիայում» լավն էր: Իսկ ահա երկրորդ մրցաշրջանում խնդիրներ ունեի ոչ միայն ես, այլև ողջ թիմը: Բայց ընդհանուր առմամբ դուք ճիշտ եք. երրորդ մրցաշրջանը զգալիորեն ավելի հաջող ստացվեց: Եկավ նոր մարզիչ ու փոխվեց խաղային փիլիսոփայությունը: Այն ավելի մոտ էր նրան, ինչպես եմ ֆուտբոլ խաղում:
- Ըստ ձեզ, ինչո՞ւ Ռուսաստանում արդեն երկար ժամանակ չեն հայտնվում ֆուտբոլիստներ, որոնք ունակ կլինեն փայլելու եվրոպական ակումբներում կամ էլ դառնալու հավաքականի կենտրոնական դեմքն ու առաջատարը:
- Պատճառները կարող են շատ լինել: Սելեկցիոներների վատ աշխատանքը, ֆուտբոլիստների ոչ այնքան ճիշտ մենթալիտետը, ակումբներում աշխատող մասնագետների ոչ այնքան բարձր մակարդակը: Գիտեմ ակումբներ, որոնցում ընդհանրապես ֆուտբոլիստների հետ աշխատում են ոչ ֆուտբոլային մարդիկ: Գիտեմ խաղացողների, ովքեր ֆուտբոլում տեսնում են միայն լավ վաստակելու հնարավորությունը: Իսկ ֆուտբոլի նկատմամբ նման վերաբերմունքով առաջընթացի անհրաժեշտությունը չքվում է: Դրանում է հատկապես արմատացած գլխավոր խնդիրը: Ես էլ, երևի, կարող էի մնալ Հայաստանում, աշխատել իմ մի քանի դոլարը, ապրել ընտանիքիս ու հարազատներիս հաճելի միջավայրում և ընդհանրապես չձգտեի, չշրջեի տարբեր երկրներով:
Բայց յուրաքանչյուր մարդ, ինձ թվում է, պետք է ունենա երազանք: Ինչ-որ նպատակ, որին պետք է ձգտել: Ֆուտբոլն էլ բացառություն չէ: Եթե աշխատում ես, ձգտում ես լինել ավելի ու ավելի լավը, փողերը ոչ մի տեղ չեն փախչի: Ես երբեք ֆուտբոլ չեմ խաղացել գումար վաստակելու համար: Չնայած, երբ «Շախտյորում» էր, ինձ այդ ժամանակվա համար խելահեղ թվեր էին առաջարկում, որպեսզի խաղայի Ռուսաստանի առաջնությունում: Ես մերժեցի, ասացի, որ ուզում եմ խաղալ Եվրոպայում ու գումարն այստեղ գլխավորը չէ: