TotalFootball.am


30.01.19 13:55

Աշոտ Բարսեղյանը՝ գարուն-աշուն ձևաչափի և լեգիոներների լիմիտի մասին


TotalFootball.am-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի մարզիչների կարծիքները գարուն-աշուն ձևաչափի և լեգիոներների լիմիտի մասին: Արդեն հրապարակել ենք.  

1) «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի կարծիքը. 

2) «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքը. 

3) «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի կարծիքը.

4) «Արցախի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի կարծիքը

Հերթը «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանինն է: 

Գարուն-աշուն ձևաչափի մասին

«Ինքս կողմ եմ ձևաչափի փոխմանը։ Հակառակ պարագայում տարատեսակ խնդիրներ են լինում։ Տեսեք, մենք հիմա գնում ենք արտասահման, մարզվում բնական խոտածածկով խաղադաշտերում, հետո վերադառնում ենք Հայաստան ու ստիպված ենք խաղալ արհեստական խոտածածկով դաշտերում։ Դա, անխոս, ճիշտ չէ։ Ես կողմ եմ անգամ, որ առաջնությունը մեկնարկի խոր գարնանը, որպեսզի դաշտերն ավելի լավ վիճակում լինեն։ Չնայած դա էլ կարող է խանգարել ազգային հավաքականի ելույթներին։ Մարտի սկզբին, երբ առաջնությունը պետք է վերսկի, դաշտերը սովորաբար պատրաստ չեն լինում, ուստի որակյալ ֆուտբոլ ցուցադրելու մասին խոսելն անիմաստ է։ Այնպես որ ես կողմ եմ, որ փոխվի առաջնության ձևաչափը աշուն-գարունից՝ գարուն-աշուն։ Մեր երկրի բնակլիմայական պայմաններն այնպիսին են, որ մինչև դեկտեմբերի 15-ն այնպես չէ, որ խոր ձմեռ է լինում, ուստի ֆուտբոլ խաղալ հնարավոր է։ Կցանկանամ որպեսզի ուշադրության կենտրոնում լինի նաև խաղային օրացույցը։ 15 օրվա ընթացքում մեր թիմերը 4-5 խաղից ավելին են անցկացնում։ Ասում են, որ 72 ժամը բավական է վերականգնման համար, այո, բայց այն դեպքում, երբ ընդամենը մեկ խաղ է հաջորդում, իսկ մեր պարագայում յուրաքանչյուր 72 ժամը մեկ խաղ կա ու օրգանիզմը ամբողջությամբ չի կարողանում վերականգնվել:

Լեգիոներների լիմիտի մասին

 «Որպեսզի բարձրանա առաջնության մակարդակը, անհրաժեշտ են բարձրակարգ լեգիոներներ։ Բերեք լեգիոներների, բայց բերեք լավերին։ Եթե արտասահմանցի ֆուտբոլիստը միջակ է, ապա ավելի լավ է նրա փոխարեն տեղացի կադրը խաղա։ Ցանկացած մարզիչ մտածում է, որ լավ լեգիոներ բերելը անմիջապես արդյունք է ապահովում։ Բայց չէ՞ որ պետք է մտածել նաև մեր ապագայի մասին։ Որոշ հանգամանքներ էլ պետք է հաշվի առնել։ Խոսեմ մեր օրինակով։ Տակից եկող կադրերը այնքան շատ չեն, որ ես կարողանամ ամբողջությամբ հիմնվել այդ ֆուտբոլիստների վրա։ Ստիպված ենք լինում ուրիշ ակումբներից դուրս մնացածներին բերել մեր թիմ ու աշխատել։ Նրանցից ոմանք այսօր արդեն բարձրագույն խմբում են խաղում՝ մեկնարկային կազմում։ Մեր ֆուտբոլում մտածելակերպն այնպիսինն է, որ լեգիոները պետք է լինի բարձրակարգ, բայց էժան։ Իսկ այդպես չի լինում, դրա համար էլ միջակ մակարդակի ֆուտբոլիստները շատ են։ Իրականում շատ բարդ հարց է։ Իսպանիայի նման երկրում, որտեղ հնարավոր ամեն ինչ կա ֆուտբոլ խաղալու համար, ինչո՞ւ են լեգիոներներ խաղում, արդյո՞ք նրանք սեփական ակադեմիա կամ կադրեր չունեն։ Բնականաբար ունեն, բայց ցանկանում են մրցունակ լինել ամբողջ աշխարհում, դրա համար էլ լավագույններին փորձում են ձեռք բերել։ Դժվարանում եմ հստակ պատասխանել այս հարցին, բայց այսպես եմ մտածում․ «Բերեք լեգիոներ, բայց բերեք ուժեղին, այլ ոչ թե միջակին»:

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0