ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի Հունաստանի դեմ խաղից հետո (0:1) լրագրողների զրույցում հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել մեր ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որն այս խաղում կրում էր ավագի թևկապը:
«Առաջին կեսը լավ չսկսեցինք, բայց հետո տեմպի մեջ մտանք, պահեր ստեղծեցինք: Երկրորդ կեսում վերջին փոխանցումն ու գոլն էր պակասում, որպեսզի հավասարեցնեինք հաշիվն ու փոխեինք խաղի ընթացքը:
Յուրաքանչյուր մարզիչ իր մտահղացումներն ունի և հիմա որոշել են, որ 5 պաշտպանով պետք է խաղայինք: Փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի լավ արդյունքի հասնենք: Սխեման կապ չունի:
Մեծ պատիվ է հավաքականի ավագի թևկապը կրելը: Շնորհակալություն եմ ուզում հայտնել վստահության համար:
Այս անգամ Հունաստանն ավելի ուժեղ էր: Փորձում էին ավելի կոմպակտ խաղալ: Մրցակիցը շատ լավ հանդես եկավ առաջին կեսում, երկրորդում փորձեցինք ավելի բարձր դիմավորել և իմ կարծիքով՝ ստացվեց: Մնում էր գոլ խփեինք և ամեն ինչ լավ կլիներ»,- ասել է Հովհաննես Համբարձումյանը: