TotalFootball.am


16.03.20 13:42

Խոակին Կապառոսի հարցազրույցը՝ Marca-ին. Երևանի, ազգային հավաքականի և նպատակների մասին


Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լայնածավալ հարցազրույց է տվել իսպանական Marca-ին: 

- Դուք մի քանի օր առաջ ժամանել եք Հայաստան՝ կորոնավիրուսի տարածման ակտիվ շրջանում: Արդյոք տեղյա՞կ էիք, թե ինչպես էր այդ երկիրը պայքարում վիրուսի դեմ

- Այստեղ այդքան էլ շատ չեն վարակվածները: Ժամանելուց հետո մեզ ստուգել են և ամեն ինչ կարգին էր: Ի տարբերություն Իսպանիայի, այստեղ իրավիճակը համեմատաբար լավ է: Ռեստորաններն ու սրճարանները բաց են: 

Ներքին առաջնությունները նույնպես դադարեցվել են: Մենք երկու ընկերական հանդիպում ունեինք նախատեսված, որոնք կչեղարկվեն: Կարծում եմ՝ մարտի 17-ին նախատեսված քննարկման արդյունքում այդ որոշումը կկայացվի: 

- Ի՞նչ տեղեկություններ ունեք Իսպանիայից... 

- Իմ երեխաները Մադրիդում են և ես տեղյակ եմ, թե ինչ է կատարվում այնտեղ: Հիմա պետք է զգույշ լինել և հետևել ցուցումներին: Պետք է դուրս գալ փողոց միայն գնումների համար: 

Իհարկե, ֆուտբոլը նույնպես պետք է արձագանքեր այս իրավիճակին: Ֆուտբոլը հասարակության հայելին է: Բացի այդ, այն միայն ստադիոններում չէ, որ համախմբում է երկրպագուներին՝ այլ նաև բարերում և փաբերում: 

- Դուք ցանկանու՞մ էիք վերադառնալ մարզչական աշխատանքին: 

- Սևիլյան իմ տունն է, բայց մարզչի աշխատանքն էլ իմ կյանքն է: Ես ակտիվություն էի ուզում՝ հաշվի առնելով իմ առողջական վիճակը: Եվ երբ ինձ զանգեց Խինես Մելենդեսը, ես ընդունեցի այս առաջարկը: Մելենդեսին ճանաչում եմ 1986 թվականից: Նա իմ ուսուցիչն է: 

- Ի՞նչ գիտեիք Երևանի մասին: Արդյո՞ք Google-ով ինչ-որ տեղեկություններ փնտրել եք: 

- (Ժպտում է,-խմբ.) Շատ լավ քաղաք է Երևանը, մարդիկ ուրախ են, շատ են զբոսնելուն հարմար փողոցները: Ես հիացած եմ Երևանով: Քաղաքն անվտանգ է: Ինչ վերաբերվում է ֆուտբոլին, ապա այստեղ կան ակադեմիաներ, լավ դաշտեր և պայմաններ մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար: Մեր գլխավոր նպատակն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելն է: Հայաստանը երբեք այդ մրցաշարում չի խաղացել: Ես ինձ միշտ նորարար եմ համարել: Միշտ պայքարել եմ այն մարդկանց դեմ, որոնք կարծել են, թե ես ծերացել եմ: Ես միշտ փորձել եմ նոր գործիքներ գտնել ուսուցման համար: Այդ ամենն արվել է Մելենդեսի հետ, դրա համար էլ ես հիմա այստեղ եմ: 

- Ի՞նչ կասեք թիմի կազմի և պոտենցիալի մասին: 

- Մենք աշխատում ենք 35-40 ֆուտբոլիստների պահել ուշադրության կենտրոնում: Շփվում ենք այլ առաջնություններում հանդես եկող խաղացողների հետ: Ինձ ասել են, որ բոլորն էլ մեծ պատվով են կրում հավաքականի մարզաշապիկը: Իսկ դա շատ կարևոր է: 

- Ի՞նչ կասեք ձեր առողջական վիճակի մասին: Ինչպե՞ս եք զգում Ձեզ: 

- Ինձ լավ եմ զգում: Ես հիվանդություն ունեմ, բայց ինձ հիվանդ չեմ զգում: Ես ապրում եմ իմ սովորական կյանքով և անում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս՝ զբաղվում եմ մարզչական աշխատանքով: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0