TotalFootball.am


03.04.20 20:13

Խոակին Կապառոս. «Մանրամասնորեն վերլուծում ենք Հայաստանի հավաքականի խաղերը»


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը դեռևս Հայաստանում գտնվելու օրերին առաջին հարցազրույցն էր տվել ՀՖՖ TV-ին: Այն ժամանակ իսպանացի մասնագետը հիմնականում խոսել էր Հայաստանի հավաքականը գլխավորելու իր որոշման, Հայաստանի հետ առաջին ծանոթության մասին։ Անցած շաբաթների ընթացքում Խոակին Կապառոսն ավելի մասնրամասն ուսումնասիրել է Հայաստանի հավաքականի վերջին տարիների խաղերը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ ակումբային հանդիպումները, զրուցել նրանցից մի քանիսի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ բացառիկ հարզացրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է իր կատարած աշխատանքի և ապագա ծրագրերի մասին. 

-Պարոն Կապառոս, արդեն 3 շաբաթ է՝ գլխավորում եք հավաքականը և չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված եք եղել մեկնել Իսպանիա, բայց գիտենք, որ աշխատում եք ամենօրյա ռեժիմով և ուսումնասիրում եք մեր հավաքականը: Որո՞նք են ձեր գլխավոր եզրահանգումները: 

-Դիտել եմ հավաքականի վերջին հանդիպումները, այժմ գնահատում և վերլուծում ենք բոլոր ֆուտբոլիստներին անհատապես: Իմ օգնական Լուսիանոն ինձ համար տեսանյութեր է պատրաստում: Մենք վերլուծում ենք թիմի բոլոր գործողությունները՝ խաղը տարբեր օղակներում, դրանց միջև համագործակցությունը, ֆուտբոլիստների անհատական ցուցանիշները տարբեր դիրքերում և խաղի այլ բաղկացուցիչներ: 

-Նախորդ շրջափուլում մեր հավաքականը մի քանի տպավորիչ հաղթանակ տարավ, ի՞նչն էր ընկած այդ հաջողության հիմքում: 

-Նվիրվածությունը, թիմային ոգին և մենթալիտետը: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր թիմը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում: 

-Խաղային ո՞ր օղակները բարելավման կարիք ունեն: 

-Երևում է, որ տղաները տեխնիկապես լավ են պատրաստված: Շատերը բարձրակարգ առաջնություններում են հանդես գալիս: Մենք լավ հավաքական ունենք, սակայն կատարելագործվելու տեղ միշտ կա: Հիմա մենք մանրամասնորեն վերլուծում ենք հավաքականի բոլոր խաղերը և ֆուտբոլիստներին, որպեսզի հասկանանք՝ ինչի կարող ենք հավակնել: 

-Մեր թիմը շատ ավելի լավ է խաղում ուժեղ մրցակիցների դեմ, և հաճախ դժվարություններ է ունենում կարգով ավելի թույլ թիմերի դեմ: Ինչո՞վ է դա պայմանավորված: 

-Կարծում եմ` դա պայմանավորված է մենթալիտետով: Մենք պետք է սերմանենք այն գիտակցությունը, որ չկան ուժեղ և թույլ մրցակիցներ և որ բոլոր խաղերը, նույնիսկ ընկերականները, շատ կարևոր են: Յուրաքանչյուր խաղի պետք է վերաբերվել որպես եզրափակչի: 

-Իսպանիայում մշտապես աչքի եք ընկել երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանք կատարելու ունակությամբ: Պատրաստվո՞ւմ եք թարմացնել հավաքականի կազմը՝ ընդգրկելով նաև երիտասարդ ֆուտբոլիստների: 

-Մենք մշտապես կապի մեջ կլինենք տարիքային տարբեր հավաքականների մարզիչների հետ և միասնաբար կաշխատենք գլխավոր թիմի համար համապատասխան ֆուտբոլիստներ գտնելու ուղղությամբ: Այժմ ես աշխատում եմ մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ, որն ինձ ֆուտբոլիստների մասին տեղեկություններ է տրամադրում և պատրաստում տեսանյութեր: Երբ մրցաշարերը վերսկսվեն, արդեն անձամբ կդիտենք նրանց ելույթները: 

-Իսկ կա՞ն թեկնածուներ, ովքեր նախկինում չեն կրել հավաքականի մարզաշապիկը, կամ տևական դադարից հետո կրկին կհրավիրվեն հավաքական: 

-Մենք հետևում ենք թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին: Ամենակարևորն այն է, որ նրանք մեծ ցանկություն ունենան միանալ հավաքականին և պաշտպանել մեր թիմի պատիվը: 

-Հասցրե՞լ եք շփվել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Ո՞ւմ հետ և ի՞նչ հարցեր եք քննարկել: 

- Կցանկանայի բոլորի հետ անձամբ զրուցել, սակայն հանգամանքները թույլ չտվեցին: Խոսել եմ Հենրիխ Մխիթարյանի հետ, նրա խաղը բազմիցս դիտել եմ: Համոզվեցի, որ ոչ միայն տաղանդ և խաղային շատ բարձր որակներ ունի, այլև մարդկային հիանալի հատկանիշներ: Նա առաջնորդ լինելու կարողություն ունի, նվիրված է իր երկրին և հավաքականին ու խանդավառված է մեր նոր նախագծով: 

Այն ֆուտբոլիստների մասին, ովքեր մեզ կարող են միանալ․ օրինակ, խոսել եմ Արշակ Կորյանի հետ, որը նույնպես շատ ոգևորված է հավաքականում հանդես գալու հնարավորությամբ: Նա նշեց, որ նախկինում ևս ցանկացել է միանալ հավաքականին, սակայն «լեգեոներների» հետ կապված խնդիրը մշտապես խոչընդոտ է հանդիսացել: 

-Ձեր մարզչական շտաբն արդեն հայտնի՞ է։ 

-Մեր մարզչական շտաբում ընդգրկված են իմ բազմամյա օգնական Լուսիանո Մարտին Տոսկանոն, ինչպես նաև Սուրեն Չախալյանը և Ռոման Բերեզովսկին: Այժմ սպասում ենք, որ մեզ միանա նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Եթե հանգամանքների բերումով նա չկարողանա միանալ մեզ, ապա կհրավիրենք այլ մասնագետի: Բացի դրանից, կուզեի հիշեցնել, որ տարիքային բոլոր խմբերի հավաքականների մազիչները նույնպես մեր մարզչական շտաբի անդամներն են: Բոլորս միասին պետք է ձգտենք հասնել լավագույն արդյունքի:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0