TotalFootball.am


15.11.20 00:08

Ալեքսանդր Կարապետյան. «Խաղալու եմ այն նույն «Դինամոյում», որի կողքով անցնում էի տատիկիս հետ»


Հայաստանի հավաքականի կազմում Թբիլիսիում գտնվող Ալեքսանդր Կարապետյանը հարցազրույց է տվել վրացի լրագրող Թենգիզ Պաչկորիային՝ հատուկ Грузия Online-ի համար: Հայ հարձակվողը պատմել է Թբիլիսիում անցկացրած մանկության, «Դինամո» մարզադաշտի հետ կապված երազանքի ու հարազատների մասին:

- Դուք ծնվել եք Թբիլիսիում և ապրել եք այստեղ 12 տարի: Ինչպիսի՞ն եք հիշում Վրաստանի մայրաքաղաքը:

- Այո, ես ծնվել եմ Թբիլիսիում, 1987 թվականի դեկտեմբերի 23-ին: Մեր ընտանիքն ապրում էր Թբիլիսիի հենց կենտրոնում՝ Սիոնական տաճարի մոտ: Հորս անունը Միխայիլ է, մորս անունը՝ Աննա, ես ունեմ եղբայր ու քույր: 1990-ականների վերջերից նրանք ապրում են Գերմանիայում, Վիսբադենում: Թբիլիսիում ես մանկապարտեզ եմ հաճախել, մի տարի սովորել դպրոցում: 1994 թվականին մենք գնացինք Գերմանիա, բայց փաստաթղթերի ձևակերպման թերիության պատճառով ստիպված եղանք վերադառնալ Թբիլիսի, որտեղ ապրեցինք մինչև 1999 թվականը: Մորական տատիկս ինձ տանում էր Թբիլիսիի շուկա, որի կողքին «Դինամո» մարզադաշտն էր: Ես փոքր ժամանակ Թբիլիսիում ֆուտբոլ էի խաղում, խաղում էի բակում, իսկ երբ տատիկն ինձ շուկա էր տանում, ես մտածում էի իմ մասին՝ ե՞րբ եմ ի վերջո խաղալու «Դինամոյում»: Ես մանկուց եմ երազել ֆուտբոլիստ դառնալ, բայց կյանքը դժվար էր և այդքան էլ միանգամից չիրականացավ իմ երազանքը:

- 1999-ին դուք տեղափոխվեցիք Գերմանիա...

- Այո, սկզբում ես մորս հետ մեկնեցի, հետո՝ մեր ընտանիքի մի քանի անդամներ: Այնտեղ ես շարունակեցի ֆուտբոլ խաղալ, միաժամանակ սովորում էի վարժարանում, ուզում էի բժիշկ դառնալ, բայց ֆուտբոլով տարվածությունը գերազանցեց: Երբ 27 տարեկան էի, նորամուտս նշեցի Հայաստանի հավաքականում, դա Սերբիայի հավաքականի հետ խաղն էր: 2018 թվականից նորից հրավիրվում եմ Հայաստանի հավաքական, ընդհանուր առմամբ 15 խաղ եմ անցկացրել հավաքականում, խփել եմ 7 գոլ: Ասում են, որ դա վատ արդյունք չէ (ծիծաղում է):

- Ե՞րբ եք վերջին անգամ եղել Վրաստանում, որտեղ ապրում են ձեր հարազատները:

- 1999-ից հետո, երբ ես ու ընտանիքս տեղափոխվեցինք Գերմանիա, ես երեք անգամ եմ եկել Վրաստան: Ավելի հաճախ չէի կարող, քանի որ շատ խիտ մարզումային ու ուսումնական գրաֆիկ ունեի: Բայց այս ամբողջ ընթացքում պահպանել եմ կապը Թբիլիսիում մնացած հարազատներիս հետ: Վերջին անգամ այստեղ եղել էի ավելի քան 1 տարի առաջ. կնոջս հետ ՌԴ-ից էինք եկել այստեղ: 

- Նոյեմբերի 14-15-ին հավաքականի կազմում գտնվում եք Թբիլիսիում, բայց ձեզ, հավանաբար, չի հաջողվի հանդիպել հարազատների հետ:

- Համավարակի պատճառով նման հնարավորություն չի լինի: Ես հարազատներիցս մի քանիսի հետ շփվում եմ համացանցով: Հուսով եմ՝ ապագայում՝ ֆուտբոլիստի կարիերայիս ավարտից հետո, կկարողանանք ավելի հաճախ գալ Թբիլիսի, քաղաք, որտեղ ես ապրել եմ գրեթե 12 տարի, քաղաք, որը փոխվել է ու դարձել ավելի գրավիչ, քան առաջ էր: Իսկ հիմա ես լիովին կենտրոնացած եմ խաղի նախապատրաստության վրա. ես պետք է Հայաստանի հավաքականի կազմում խաղամ Վրաստանի հավաքականի դեմ այն նույն «Դինամո» մարզադաշտում, որի կողքով հաճախ էի անցնում տատիկիս հետ:

- Դուք մի քանի լեզու գիտեք, տեսնում եմ, որ վրացերենն էլ չեք մոռացել: Վրացերենի իմացությունը հոկտեմբերի 11-ի խաղում օգնո՞ւմ էր ձեզ՝ իմանալ, թե ինչ են խոսում Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները:

- Այո, վրացերենը չեմ մոռացել, հասկանում եմ, թեև խոսակցական փորձը քիչ է: Հոկտեմբերի 11-ի խաղում ես, իհարկե, լսում էի՝ ինչ են ասում մրցակիցները, բայց ֆուտբոլային խաղն այնքան լարված է, որ առանձնապես ուշադրություն չես դարձնում, թե ինչ են խոսում մրցակիցները, փոխարենն ավելի շատ ես խոսում քո թիմակիցների հետ: Այդ խաղը հետաքրքիր ստացվեց, կարծում եմ՝ նոյեմբերի 15-ին էլ գեղեցիկ դիմակայություն կլինի: Թիմերից յուրաքանչյուրն իր առաջադրանքներն ունի և խաղալու է ըստ դրա: Ափսոս, որ հանդիսական չի լինելու:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0