Հայաստանի Ազգային հավաքականի կազմում ԱԱ-2022-ի որակավորման փուլի 3-րդ տուրի՝ Ռումինիայի ընտրանու դեմ խաղում իր նորամուտը նշեց 20-ամյա Էդուարդ Սպերցյանը: «Կրասնոդարի» ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ ու վաստակեց մեր հաղթանակն ապահոված 11-մետրանոցը:
Խաղից հետո իր զգացողությունների, Կապառոսի տված առաջադրանքների ու երկրպագուների մասին Սպերցյանը զրուցել է ՀՖՖ TV-ի հետ:
«Էմոցիաները խեղդում են, նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել: Այսպիսի նորամուտի մասին կարելի է միայն երազել:
Խաղադաշտ դուրս գալուց առաջ մարզիչն ինձ խնդրեց լինել կենտրոնացած, խաղալ իմ դիրքում. մենք այդ պահին խաղում էինք երկու կենտրոնական կիսապաշտպանով: Մարզիչը նաև հուշեց մնալ կենտրոնում, սպասել հակագրոհի:
Մեծ հպարտություն եմ զգում. ես ներդրեցի բոլոր ուժերս, որ թիմը հաղթի: Բոլոր տղաները կեցցեն, բոլորը պայքարեցին մինչև վերջ, և ամենակարևորն այն է, որ չհանձնվեցինք, կարողացանք գոլեր խփել ու հաղթել:
Լուսանկարը` «Ուրարտուի»