Ուրուգվայի հավաքականի 30-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը 2014 թվականի հենց այս օրը՝ հուլիսի 16-ին պաշտոնապես դարձավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:
Առանցքային խաղացողի կարգավիճակով հեռանալով «Լիվերպուլից»՝ «միստր կծանը» շատ արագ դառնալու էր «Բարսելոնայի» կարևոր կերպարներից մեկը: Սակայն դրա համար նախ հարկավոր էր լրացնել ՖԻՖԱ-ի որակազրկումը. ԱԱ-2014-ի ժամանակ Ջորջո Կյելինիին կծելու համար Սուարեսը զրկված էր ցանկացած ֆուտբոլային գործունեությունից, այդ թվում՝ «Բարսելոնայի» հետ մարզումներից: Որակազրկումը նախատեսված էր մինչև 2014-ի հոկտեմբերի 26-ը:
Այնուամենայնիվ, օգոստոսի սկզբին սպորտային արբիտրաժային դատարանը մեղմացրց պատիժը. հանվեց «ֆուտբոլային գործունեությունից զրկելու» արգելքը, նրան թույլատրվեց մասնակցել «Բարսելոնայի» մարզումներին: Բայց որպես այդ արգելքը հանելու հետևանք՝ Սուարեսին արգելվեց մասնակցել Copa America-2015-ին:
«Բարսելոնայում» իր նորամուտը ուրուգացին նշեց օգոստոսի 18-ին՝ մեքսիկական «Լեոն» ակումբի հետ Գամպերի Գավաթի շրջանակում կայացած ընկերական խաղում: Նա խաղավարտից 15 րոպե առաջ փոխարինեց Ռաֆինյային:
Պաշտոնական նորամուտը կայացավ հոկտեմբերի 25-ին՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղում:
Այս ժամանակահատվածում Սուարեսն արդեն դարձել է «Բարսելոնայի» խորհրդանշական կերպաներից մեկը՝ իր մեծ ներդրումն ունենալով թիմի նվաճումներում: Այսպիսով, Սուարեսի նաճումները 2014-2017 թվականներին՝
Խաղեր - 147
Գոլեր - 121
Գոլային փոխանցումներ - 70
Տիտղոսներ՝
Լա Լիգա - 2
Չեմպիոնների լիգա - 1
Իսպանիայի Գավաթ - 3
Իսպանիայի Սուպերգավաթ - 1
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ - 1
Աշխարհի ակումբային առաջնություն - 1