TotalFootball.am


17.09.19 19:20

Կարծիք՝ Իտալիայից. «Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որ պակասում էր «Ռոմային»»


Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում իր նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ: Իտալական սպորտային պարբերականները կանխատեսել էին, որ հայ ֆուտբոլիստը կլինի «Սասուոլոյի» դեմ խաղի մեկնարկային կազմում և հավատում էին, որ Մխիթարյանը կփայլի իր առաջին խաղում: 

Այդպես էլ եղավ: Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, դարձավ գոլի հեղինակ և գրավեց իտալացի ֆուտբոլասերների ուշադրությունն ու «Ռոմայի» երկրպագուների սրտերը: 

Հենրիխ Մխիթարյանի նորամուտի, ցուցադրած խաղի և նրանից ունեցած սպասելիքների մասին TotalFootball-ը զրուցել է իտալական Calciomercato պարբերականի լրագրող Սիմոնե Դուչչիի հետ: 

«Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որ պակասում էր «Ռոմային»: Պետրաչին («Ռոմայի» սպորտային տնօրենը,- խմբ.) հիանալի աշխատանք կատարեց տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ձեռք բերելով Մխիթարյանին: 

«Սասուոլոյի» դեմ խաղում Հենրիխը ցուցադրեց իր որակները՝ շրջանցելով մրցակիցներին: Նա իր տեղափոխություններով ազատ տարածություններ էր ստեղծում թիմակիցների համար: 

Նա այն ֆուտբոլիստն է, որի խաղը ես հավանում էի անգամ մինչև «Ռոմա» տեղափոխվելը: Նրա կարիերան խոսում է իր բարձր մակարդակի մասին: 

Իհարկե, կարծում եմ՝ «Ռոման» ու «Արսենալը» մանրամասն քննարկել են ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը գնելու հարցը: 

Նա մեծ ներդրում կունենա նաև եվրոպական ասպարեզում («Ռոման» հանդես է գալու Եվրոպա լիգայում, որտեղ նույն խմբում է ավստրիական «Վոլֆսբերգերի», թուրքական «Բաշաքշեհիրի» և Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ,- խմբ.): 

Անկասկած, Մխիթարյանը կօգնի Ֆոնսեկային «Ռոմայի» հետ որքան հնարավոր է առաջ գնալ Եվրոպա լիգայում: 

Կարող եմ ասել, որ հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» կիսապաշտպանության ձախ եզրում նոր ակտիվություն մտցրեց: Ստեֆան Էլ-Շաարավին և Դիեգո Պերոտին չունեին այն հատկանիշները, որոնք կհամապատասխանեին Պաուլո Ֆոնսեկայի նախընտրած խաղաոճին»: 

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0