TotalFootball.am


24.02.20 20:24

Corriere dello Sport-ի լրագրող. ««Ռոման» ձեռք կբերի Մխիթարյանին, եթե ՉԼ-ի ուղեգիր նվաճի»


Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փայլեց Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի «Լեչչեի» դեմ խաղում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին», որտեղից Մխիթարյանը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Ռոմա»:

TotalFootball-ի հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանի խաղի և ապագայի վերաբերյալ խոսել է իտալական Corriere dello Sport պարբերականի լրագրող Յակոպո Ալիպրանդին: 

«Մրցաշրջանի ընթացքում ստացած երկու վնասվածքներից ապաքինվելուց հետո երեկ տեսանք իրական Մխիթարյանին: Նա կարող է իսկապես կարևոր խաղացող լինել «Ռոմայի» համար, սակայն միակ խնդիրը վնասվածքներն են: Մխիթարյանը կարող է խաղալ հարձակման գծի բոլոր դիրքերում: Հաճախ նա խաղում է ձախ եզրում, բայց կարող է խաղադաշտ դուրս գալ նաև կենտրոնում, կամ աջ եզրային հարձակվողի դիրքում: 

Ֆոնսեկան սիրում է Մխիթարյանի խաղը, ֆուտբոլը տեսնելու նրա ոճը: Մարզիչը խնդրել է ակումբի ղեկավարությունը ձեռք բերել Մխիթարյանի լրիվ տրանսֆերը «Արսենալից»:

Խնդիրը գործարքի գումարն է: «Արսենալը» տրանսֆերի համար պահանջում է 20 մլն եվրո, Մխիթարյանն էլ ստանում է տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ: 

Տրանսֆերը կկայանա միայն այն դեպքում, եթե «Ռոման» Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր նվաճի: 

«Ռոմայի» ներկայացուցիչները սկսել են բանակցությունները լոնդոնյան ակումբի հետ, որպեսզի նվազեցնեն «Արսենալի» կողմից պահանջվող գումարը: Բանակցություններ են ընթանում նաև Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ ֆուտբոլիստի աշխատավարձի չափը համաձայնեցնելու համար: 

Հենրիխը ցանկանում է մնալ «Ռոմայում»: Նա սիրում է քաղաքը, թիմը և երկրպագուներին: Առաջիկա մեկ ամսում նորություններ կլինեն, սակայն «Ռոման» ցանկանում է գնել Մխիթարյանի տրանսֆերը»: 

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0