TotalFootball.am


26.03.20 22:05

Պետրոս Ավետիսյան. «Այստեղ`Կոստանայում, ամեն ինչ հանգիստ է»


ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:  

Տիգրան Բարսեղյան 

«Արդեն մի քանի օր է՝ բնակվում եմ հյուրանոցում: Պայմանները շատ լավն են, ոչնչի կարիք չունեմ: Իրավիճակը, ընդհանուր առմամբ, նորմալ է: Կարողանում ենք դուրս գալ հյուրանոցից, զբոսնել կամ գնալ խանութ: Ղազախստանում խուճապային իրադրություն չկա, մարդիկ հանգիստ են մոտենում ստեղծված իրավիճակին և պահպանում են անվտանգության բոլոր նորմերը: Մարզումներն անցկացնում ենք մարզասրահում, անընդհատ կապի մեջ ենք ակումբի և մարզիչների հետ: 

Շատ եմ ափսոսում, որ Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը չկայացավ: Շատ էի սպասում այդ խաղին: Ղազախստանում ևս հետաքրքրությունը շատ մեծ էր: Մյուս կողմից, հասկանում եմ, որ ամբողջ աշխարհում է նույն իրավիճակը, իսկ մարդկանց առողջությունն ամենակարևորն է: Հույս ունեմ, որ Հայաստանի և Ղազախստանի հավաքականները դեռ մրցելու առիթ կունենան»: 

Կամո Հովհաննիսյան

«Առողջական վիճակս լավ է: Ներկա պահին տանն եմ, դուրս եմ գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարզավիճակս նույնպես փորձում եմ պահպանել՝ տնային պայմաններում տարբեր վարժություններ կատարելով: Ամեն դեպքում կարոտում եմ խաղադաշտը, թիմային մարզումները, ֆուտբոլը: 

Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումը շատ սպասված էր ինձ համար, քանի որ հանդիպումը պետք է տեղի ունենար իմ ներկայիս ակումբի մարզադաշտում: Ցավում եմ, որ այս համաճարակի պատճառով ամբողջ աշխարհը, կարծես, կանգ է առել: Հուսամ, որ այդ ընկերական հանդիպումները ի վերջո կկայանան:

Չենք հասցրել ծանոթանալ Խոակին Կապառոսի հետ: Գիտեմ, որ նա երկար տարիներ գլխավորել է իսպանական այնպիսի ուժեղ ակումբներ, ինչպիսիք են «Սևիլյան», «Ատլետիկ Բիլբաոն», «Դեպորտիվոն»: Հուսամ, որ վրա օգնությամբ վերջապես կկարողանանք ձեռք բերել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր»: 

Պետրոս Ավետիսյան

«Այստեղ`Կոստանայում, ամեն ինչ հանգիստ է: Այնպես չէ, ինչպես Աստանայում կամ Ալմաթիում: Մեր քաղաքում դեռ ոչ ոք չի վարակվել: Անկախ ամեն ինչից՝ հազվադեպ դուրս ենք գալիս քաղաք, զգույշ ենք և պահպանում ենք վիրուսի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցները: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, որով և մարզվում ենք տնային պայմաններում ու փորձում պահպանել մարզավիճակը:

Շատ էի սպասում Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպմանը ոչ միայն նրա համար, որ հանդես եմ գալիս Ղազախստանի առաջնությունում, այլև ցանկանում էի հնարավորինս շուտ սկսել աշխատանքը հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Նա շատ փորձառու մասնագետ է, մեծ օգուտ կտա մեր հավաքականին: Մենք նրանից շատ բան ունենք սովորելու»:

 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0