TotalFootball.am


06.10.20 22:28

Հենրիխ Մխիթարյանը դիմել է Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին և Էմանուել Մակրոնին


Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը սոց. ցանցերի իր էջերում նամակ է հրապարակել, որով դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: 

Հայ ֆուտբոլիստը խաղաղության հաստատմանն ուղղված քայլեր ձեռնարկելու կոչ է արել: 

«Ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ և հպարտորեն ներկայացնում եմ իմ երկիրը՝ Հայաստանը, միջազգային մակարդակով, ու այսօր Ձեզ գրում եմ շատ ծանր սրտով: Քանի որ աշխարհը ականատես է աննախադեպ և ողբերգական պատերազմի Լեռնային Ղարաբաղում, թույլ տվեք բարձրաձայնել իմ խորը մտահոգության մասին, որ իմ հայրենիքը վտանգված է:

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ  իմ հայրենի Հայաստանը և Արցախը պաշտպանվում են ագրեսորներից՝ մեր` որպես ազգ լինելու, մեր պատմական հողերում գոյություն ունենալու և մեր՝ աշխարհին հայտնի քրիստոնեական ժառանգությունն ու արժեքները պահպանելու առաջնահերթ իրավունքի համար: 

Վերջին մի քանի օրվա ընթացքում ռազմական մարտերի ակտիվացման հետ մեկտեղ, իսկապես սարսափելի է տեսնել, թե ինչպես է ադրբեջանական զինուժն ուղղակիորեն թիրախավորում մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող դպրոցներ և մանկապարտեզներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ, խիտ բնակեցված այլ բնակավայրեր: Կասետային մարտական ​​հրթիռները բազմիցս օգտագործվում են խաղաղ բնակչության վրա հարձակման համար, որի արդյունքում կան բազմաթիվ զոհեր և  վիրավորներ, որոնցից շատերը կմնան կոտրված ճակատագրերով:

Սա այլ կերպ չի կարելի անվանել, քան ռազմական հանցագործություն: Ձեր բարձր ուշադրությանն եմ ներկայացնում, որ Արցախում ներկայիս իրավիճակը մարդասիրական աղետի եզրին է: Ավելին, այդ ողբերգական իրադարձությունները տեղի են ունենում արտաքին տարածաշրջանային ուժերի և օտարերկրյա զինյալների անմիջական միջամտությամբ՝ Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության հարևանության տարածքում, ինչը անվտանգության ուղղակի սպառնալիք է նաև Ձեր երկրների համար:

Հայաստանն ու Արցախը միայնակ են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Որպես Հայաստանի Հանրապետության պատմական դաշնակիցներ՝ Ձեր միջամտությունը, կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այս կործանարար պատերազմը, ունի կարևոր նշանակություն:

Մեր երիտասարդները զոհվում են առաջնագծում և անդառնալիորեն վիրավորվում, ապագա ազգի կերտմանը մասնակցելու փոխարեն: Իմ սրտի խորքից ես կոչ եմ անում Ձեզ օգտագործել Ձեր ողջ ուժը այս ողբերգությունը կասեցնելու գործում և կողմերին վերադարձնել խաղաղ բանակցությունների:

Հարգանքներով Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ

«Ռոմայի» ֆուտբոլիստ

Unicef-ի բարի կամքի դեսպան»





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0