TotalFootball.am


17.11.20 01:51

«Անշնորհակալ» ֆուտբոլ. հաջողակ մարզիչներ, որոնք հեռացվել են նվաճումներից հետո


Ֆուտբոլային աշխարհում ամենատարածված և, հատկապես, մարզիչների ամենասիրելի արտահայտությունն է՝ «Ֆուտբոլն անկանխատեսելի է»: Նրանք ճիշտ են: Եվ ֆուտբոլն անկանխատեսելի է նաև նրանց կարիերայի նկատմամբ: Ոչ ոք չգիտի, թե երբ ու հատկապես ինչից հետո կհեռացնեն իրենց:

Ներկայացնում ենք մի քանի մարզիչների, որոնք թիմին մեծ հաջողության հասցնելուց հետո հեռացվել են պաշտոնից:

Ժոզե Մոուրինյու («Մանչեսթեր Յունայթեդ»,2018)

2016 թվականի մայիսին, Լուի վան Գալին հեռացնելուց անմիջապես հետո, ՄՅՈՒ-ն 3 տարվա պայմանագիր ստորագրեց պորտուգալացի սկանդալային մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ: Սըր Ալեքսից հետո այդպես էլ մինչ օրս ոտքի չկանգնող ՄՅՈՒ-ն Ժոզեի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում հաղթեց Լիգայի Գավաթն ու Եվրոպա Լիգայի գավաթը: Ի դեպ, Եվրոպա Լիգայում թիմի հաղթանակի մեջ մեծ ներդրում ունեցավ նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հաջորդ մրցաշրջանն այնքան էլ հաջող չդասավորվեց թիմի համար, այնուամենայնիվ, «սատանաներն» այդ տարի 2-րդն էին մրցաշարային աղյուսակում: Ղեկավարությունը շարունակեց վստահել նրան, ու ՄՅՈՒ-ն 2018/19 մրցաշրջանը ևս սկսեց պորտուգալացու գլխավորությամբ: 26 տարվա մեջ առաջին անգամ ՄՅՈՒ-ն պարտվեց ԱՊԼ-ի մեկնարկային 3 խաղերից 2-ում: «Կարմիր սատանաների» ղեկավարության համբերությունը բավականացրեց մինչև դեկտեմբեր. 2.5 տարվա աշխատանքից հետո Ժոզե Մոուրինյուն պաշտոնանկ արվեց՝ թիմին թողնելով 3 տիտղոս:

Կլաուդիո Ռանիերի («Լեսթեր Սիթի»,2017)

2015/16 մրցաշրջանում «Լեսթեր Սիթին» դարձավ ԱՊԼ-ի ֆուրորը: Կլաուդիո Ռանիերի գլխավորությամբ «աղվեսները» ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրին ու հռչակվեցին երկրի չեմպիոն: Հաջորդ մրցաշրջանում սկսվեցին անհաջողություններ: Մի պահ նույնիսկ խոսակցություններ տարածվեցին այն մասին, թե ֆուտբոլիստները դիտավորյալ չեն խաղում ամբողջ նվիրումով, որպեսզի հասնեն մարզչի հեռացմանը: Մի բան փաստ է՝ թիմին անդունդից չեմպիոնության հասցրած մարզիչն արժանի չէր առանց իրավիճակը շտեկելու շանսի հեռացվելուն: Դա տեղի ունեցավ 2017-ին՝ թիմին չեմպիոնության հասցնելուց 9 ամիս անց:

Կառլո Անչելոտի («Չելսի», 2011, «Ռեալ», 2015)

Հավանաբար չկա երկրորդ մարզիչը, որը ակումբի մոլագար սեփականատերերի ու նախագահների հետ աշխատելու այնքան մեծ փորձ ունենա, որքան Կառլո Անչելոտին: Նա աշխատել է Սիլիվիո Բեռլուսկոնիի, Ռոման Աբրամովիչի և Ֆլորենտինո Պերեսի ակումբներում: 

«Միլանի» հետ 2 անգամ ՉԼ-ն հաղթելուց հետո իտալացին հրավիրվեց «Չելսի»՝ ակումբին եվրոպական հաջողություններ բերելու համար: Անգլիայում առաջին մրցաշրջանում Դոն Կառլոն դուբլ ձևակերպեց՝ նվաճելով գավաթն ու չեմպիոնությունը: Հաջորդ տարի թիմն ԱՊԼ-ում զբաղեցրեց 2-րդ տեղը ու մրցաշրջանի ավարտից 2 ժամ անց հեռացվեց:

Դեպի «Ռեալ» Անչելոտին ուղևորվեց ՊՍԺ-ից: Հենց Անչելոտին «սերուցքայիններին» ուղղորդեց դեպի երկար սպասված «Դեսիման»՝ ՉԼ-ի 10-րդ գավաթը: Բայց, չնայած նվաճման կարևորությանը, իտալացին ակումբի ղեկավարությունից առանձնահատուկ վստահության չարժանացավ ու հեռացվեց 2014/15 մրցաշրջանի ավարտին:

Ռոբերտո Դի Մատտեո («Չելսի», 2012) 

Եվս մի իտալացի ու կրկին՝ «Չելսի»: 2012 թվականին՝ Անդրե Վիլլաշ Բոաշի հեռացումից հետո Աբրամովիչը օգնության կանչեց ակումբի լեգենդին: Բոաշին չներվեց ՉԼ-ում «Նապոլիից» կրած 1-3 հաշվով պարտությունը: Դի Մատտեոյին հաջողվեց շտկել իրավիճակը: Նա 4-1 հաշվով հաղթեց տնային խաղում, հետո թիմի համար եվրոպական հաղթարշավի ամենաանհավանական ճանապարհին հաղթեց բոլոր «Բ» թիմերին՝ «Բենֆիկա», «Բարսելոնա», «Բավարիա»: Բայց Դի Մատտեոն մնաց մինչև նոյեմբեր՝ «Յուվենտուսից» կրած 0-3 հաշվով պարտությունից անմիջապես հետո նրան փոխարինեցին Ռաֆաել Բենիտեսով:

Վիսենտե Դել Բոսկե («Ռեալ», 2003)

Իսպանացին, հավանաբար, լավագույն մարզիչն էր, որ երբևէ ունեցել էր «Ռեալը», քանի դեռ ակումբի պատմության մեջ իր անունը չգրեց Զինեդին Զիդանը՝ իր ռեկորդային 3 անընդմեջ ՉԼ գավաթով:

Դել Բոսկեն դարձավ Պերեսի պաշտոնավարման առաջին զոհը: Նա ակումբի ակադեմիայի սան էր, թիմի կազմում 445 խաղ էր անցկացրել և մարզչական 4 տարիների ընթացքում 7 տիտղոս էր նվաճել: Բայց ղեկավարությունն այնուամենայնիվ, չգիտես թե ինչու, որոշեց հեռացնել նրան: Նրա հեռացման մասին հայտարարվեց Լա Լիգայի 29-րդ տիտղոսը նվաճելուց 2 օր անց: Դել Բոսկեի հեռացվելուց հետո «սերուցքայիններն» այլևս ոչ մի խոշոր տիտղոս չնվաճեցին մինչև Պերեսի առաջին պաշտոնավարման ժամկետի ավարտը:

Ֆաբիո Կապելլո («Ռեալ», 1997 և 2007)

«Ռեալի» տիտղոսային երաշտն ավարտվեց 2006 թվականին Ֆաբիո Կապելլոյի գալով, երբ ակումբի նոր նախագահ Ռամոն Կալդերոնը լծվել էր ակումբի հաջողության վերականգնմանը: Իտալացին մեծ հաջողության էր հասել «Միլանում», որի հետ ՉԼ-ն էր հաղթել, իսկ դրանից 10 տարի առաջ հաղթել էր «Ռեալի» հետ: 1997-ին նա վիճել էր երկրպագուների հետ Ռաուլին ձախ եզր տեղափոխելու համար, վիճել էր նաև ակումբի նախագահ Լորենցո Սանսի հետ: Դեժավյուն կրկնվեց նաև երկրորդ փորձի ժամանակ, քանի որ տնային հաջողությունը բավարար չէին թաքցնելու համար այն փաստը, որ նա սիրում է զգուշավոր ու պաշտպանողական ֆուտբոլ խաղալ: «Գալակտիկոսի» գրավիչ հարձակվողական ոճի հիշողությունը դեռ թարմ էր, և Կապելլոն մնաց առանց աշխատանքի իր երկրորդ Լա Լիգայի չեմպիոնությունը նվաճելուց 2 ամիս անց:

Լուի վան Գալ («Բավարիա»,2011)

Լուի վան Գալի մասին մեր ամենաթարմ հիշողությունները «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին նրա խելահեղ ասուլիսների մասին են: Հեշտությամբ կարելի է մոռանալ, որ հենց նա է դրել այժմյան անպարտելի «Բավարիայի» հիմքերը: «Բավարիան» դեռևս խումհարի մեջ էր Յուրգեն Կլինսմանի կարճատև, բայց կատաստրոֆիկ պաշտոնավարումից հետո, երբ 2009 թվականին թիմ հրավիրվեց Լուի վան Գալը: Հոլանդացին արագ սկսեց փոփոխություններ մտցնել, որոնք երկարաժամկետ հետևանքներ ունեցան. Արյեն Ռոբբենին ձեռք բերելը, Բաստիան Շվայնշտայգերին եզրից հենակետային կիսապաշտպանի դիրք բերելը, Թոմաս Մյուլլերին ակումբի ակադեմիայից հիմնական թիմ բարձրացնելը:

Այդ տարի «Բավարիան» չհաղթեց ՉԼ-ն՝ տիտղոսը զիջելով Մոուրինյուի «Ինտերին», բայց հաղթեց Բունդեսլիգան ու Գերմանիայի Գավաթը: Բայց հաջորդ մրցաշրջանն այնքան էլ հաջողակ չէր, և Վան Գալը հեռացվեց մրցաշրջանի ավարտից 1 ամիս անց: «Մանչեսթեր Յունայթեդում» Վան Գալը պակաս հաջողակ գտնվեց, բայց նրա հեռացումը, հավանաբար, շատ ավելի վատ էր: Այն բանից հետո, երբ նրա գլխավորությամբ թիմը 2016-ին նվաճեց Սըր Ալեքս Ֆերգյուսոնից հետո առաջին տիտղոսը՝ Անգլիայի Գավաթը:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0